Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում չեն կանգնեցնելու ինձ. Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր և թիմակիցների դեմ ընթացող արշավին:
«Հաշվի առնելով, օրերս իմ դեմ կարված քրեական գործը հապճեպ և փնթի ձևով դատարան ուղարկելու փորձը՝ տպավորություն չթողնելու համար, որ ահաբեկվում, վախենում ենք այդ ամենից՝ վերահաստատում եմ այն, որ այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, դժբախտացել են հազարավոր մարդիկ, կրկնապատկվել է Եռաբլուրը և 100.000-ից ավելի մարդիկ զրկվել են իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից՝ ներառյալ ինձ, որովհետև մեր գերեզմաններն այնտեղ են՝ երկու կողմից տատիկ, պապիկ, հորեղբայրս:
Հիմա էլ Ադրբեջանի նախագահի ուղիղ ցուցումով շրջանառվում է սահմանադրության թեման: Այս իշխանությունները փորձում են «ֆորմատ» անել մեր ժողովրդին և «նստեցնել» պրոթուրքական, ադրբեջանական վերսիան՝ զրկելով այն ամենից, ինչը մեզ հայ է դարձնում:
Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում չեն կանգնեցնելու ինձ, մեզ այս ամեն ինչի դեմ պայքարելուց. նախկին 5 տարիների փորձը պետք է որ այդ մասին խոսի»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը