30 01 2024

Բաքուն կհրաժարվի չհարձակման պայմանագրի ստորագրումից. Կոնստանտին Կալաչով. Alphanews.am



Ռուս քաղտեխնոլոգ Կոնստանտին Կալաչովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել։

Փորձագետի կարծիքով՝ նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին խնդիրներ կան։

«Եթե նման առաջարկներ են հնչում, ուրեմն խնդիրներ կան խաղաղ համաձայնության հասնելու, խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին։ Այսինքն՝ հասկանալի է, որ ստորագրումը հետաձգվում է, իսկ այնպիսի փոխզիջումային որոշումները, ինչպիսին է չհարձակման մասին պայմանագիրը, Ադրբեջանը կմերժի։

Բաքուն կհայտարարի, որ խաղաղության պայմանագիր չստորագրելը հայկական կողմի և նրա ընդդիմության խնդիրն է։ Հայկական կողմն ասել է՝ Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որ եկեք սկսենք ուշ խորհրդային քարտեզներում Հայաստանի սահմանների ճանաչումից։

Բաքվի հետաքրքրությունն այն է, որ իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացվեն, իսկ դա ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրումն է, այլ նաև որոշակի տարածքային ձեռքբերումների ամրագրման հնարավորությունը, դա վերաբերում է Զանգեզուրի միջանցքի հարցին», — ասել է Կալաչովը։

Քաղաքագետի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կանգ է առել։

«Խաղաղ գործընթացը կանգ է առել: Եվ հարցն այն չէ, թե ով է միջնորդը և ինչ հարթակում բանակցել։ Հարցը բանակցությունների բովանդակությունն է, մոտեցումները, իմաստները։ Բաքուն, ըստ երևույթին, պատրաստ չէ ճանաչել Հայաստանը ներկայիս տեսքով, ինչպես պատկերված էր Հայաստանը ուշ խորհրդային քարտեզների վրա: Սահմանազատման հարցը մնում է բաց, սահմանների հստակեցման հարցը մնում է բաց։ Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն որևէ կերպ չի ցանկանում իրեն կապել, քանի որ գլխավորը, թե ինչ է ուզում նրանցից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ճանաչումն է, որ Հայաստանը զբաղեցնում է որոշակի քառակուսի կիլոմետր տարածք, որը համապատասխանում է ուշ խորհրդային քարտեզներին։ Այս ընթացքում մենք լսել ենք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ թե որքանով, դեռ չգիտենք։

Երկրորդ հարցը տրանսպորտային միջանցքի թեման է, որը Բաքուն փորձում է կապել խաղաղության պայմանագրի հետ, թեև հնարավոր կլիներ այդ թեմաներն առանձին դիտարկել, այսինքն՝ կնքել խաղաղության պայմանագիր, ապա քննարկել համագործակցության, փոխգործակցության, սահմանների բացման, տրանսպորտային միջանցքների որոշ հարցեր։ Բայց Բաքուն դրան պատրաստ չէ, քանի որ նրանք իրենց շահերն իրականացնում են այնպես, ինչպես տեսնում են», — եզրափակել է փորձագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ