Հունվարի 1-ից Երևանում ավտոկայանման նոր սակագներ են գործում։ Մասնավորապես՝ քաղաքը բաժանվել է Ա և Բ գոտիների։ Ա գոտում կայանման համար գանձվում է 300 դրամ՝ մեկ ժամի, 2000 դրամ՝ մեկ օրվա, 5000 դրամ՝ մեկ շաբաթվա, 18 հազար դրամ՝ 1 ամսվա և 160 000 դրամ՝ մեկ տարվա համար։
Բ գոտու վճարման սանդղակը հետևյալն է՝ 200 դրամ՝ մեկ ժամի, 1000 դրամ՝ մեկ օրվա, 2000 դրամ՝ մեկ շաբաթվա, 4000 դրամ՝ մեկ ամսվա և 24 000 դրամ՝ մեկ տարվա համար։
«Ա» գոտին ներառում է Երևանի փոքր կենտրոնը, Բ գոտին՝ Կենտրոնի մյուս հատվածներն ու Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներ։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի՝ գումարի կտրուկ թանկացման պատճառը ոչ թե քաղաքային բյուջեն լցնելն է (չնայած որ ավելի քան 150 մլն դրամ է նախատեսվում աշխատել վարորդի գրպանի հաշվին), այլ Կենտրոնը բեռնաթափելը։
Yerevan.Today-ի տեսախցիկը, սակայն, ֆիքսել է, որ Կենտրոնում կարմիր գծերը շարունակում են մնալ գերբեռնված։ Իսկ աշխատանքի գալ-գնալիս շարուրնակում են ընկնել խցանման մեջ։ Այսինքն՝ Երևանի ավագանու՝ կարմիր գծերը թանկացնելու որոշումը, ինչպես երևում է, այս պահին որևէ ազդեցություն չի ունեցել Կենտրոնը բեռնաթափելու վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը