Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի կեսը, մյուս կեսը կհամարվի վճարված. նման նախագիծ է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը, որն այսօր քննարկվեց կառավարության նիստում։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե քաղաքացին Police.am կայքում գրանցվի ու խնդրի իր ծանուցումներն ուղարկել էլեկտրոնային եղանակով, դրա համար ևս 5 տոկոս զեղչ կստանա։
«Ես կարծում եմ, որ մենք տրամաբանությունը մի քիչ պետք է փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով։ Ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում՝ ևս 30 տոկոս։ Մի արձանագրում՝ մենք պետ է անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին Police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, այդ հասցեն համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե, ու պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով, այդ պարագայում քաղաքացին կհամարվի պատշաճ ձևով ծանուցված։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը պետք է անպայման անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը