«Հայաստանն այս պահին կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Ավելին, դրանց հնարավոր չի լինի կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։
«Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։ Ծանր իրավիճակից ելքն ակնհայտ է՝ Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։
Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ նշելով. «Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են»։
Նա հիշեցրել է, որ այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա։
«Այսօր ռուսական զինուժը առանցքային տարր է տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- ասել է նա։
Լավրովը նշել է, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ։ Այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների։ Այն շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում։
«Սա չի կարող մեզ մոտ անհանգստություն չառաջացնել։ Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և ստեղծել պայմաններ մանիպուլյացիայի համար՝ համաձայն «բաժանիր, որ տիրես» սխեմայի։ Հուսով եմ, որ Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը