20 12 2023

ԲԱՑԱՌԻԿ․ 2024թ-ի փետրվարից Միջազգային քրեական դատարանը կարող է գործ հարուցել Ալիևի դեմ․ Լուիս Մորենո Օկամպո. Alphanews.am



2024թ-ի փետրվարից սկսած Միջազգային քրեական դատարանը կարող է գործեր հարուցել և քննել Ադրբեջանի քաղաքացիների դեմ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Փետրվարին Ադրբեջանից պահանջվեց բացել Լաչինի միջանքը։ Դա արվեց Արդարադատության միջազգային դատարանով, իսկ Միջազգային քրեական դատարանը կարող է դատապարտել Ալիևին։ Այսինքն՝ Արդարադատության միջազգային դատարանը քննում է պետության դեմ գործեր, Միջազգային քրեական դատարանը՝ անհատներին վերաբերող գործեր։ Բայց այս դեպքում մենք կարող ենք շատ բան անել։ Կարող ենք հասնել նրան, որ Իսրայելը դադարի Ադրբեջանին զենք մատակարարել և այլն։

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի անդամ կդառնա 2024թ-ի փետրվարից։ Այդ պահից սկսած Միջազգային քրեական դատարանը կարող է Ադրբեջանի քաղաքացիների դեմ գործեր հարուցել և քննել։ Դատախազը բացում է գործ, քննում է այն, համարում, որ պետք է ձերբակալել»,- ասաց Օկամպոն։

Նրա փոխանցմամբ՝ մարդիկ կարող են տեղեկություններ ուղարկել Միջազգային քրեական դատարանի դատախազներին՝ Ալիևի դեմ գործ հարուցելու համար։

«Մարդիկ կարող են փետրվարից տեղեկություններ ուղարկել Միջազգային քրեական դատարանի դատախազներին, նրանք որոշում են կայացնում, գործ են հարուցում և ներկայացնում են այդ գործը դատարանում։ Լեռնային Ղարաբաղի մարդիկ այսօր օգնության կարիք ունեն, իրենց գումար է պետք, պետք է ետ բերել հայրենի հողը, և չես կարող սպասել, մինչ դատարանը կլսի այդ գործը և որոշում կկայացնի։ Այս պարագայում պետք է օգնել արցախցիներին և կանխել նոր Ցեղասպանությունը, որը կարող է լինել Հայաստանում»,- եզրափակեց Լուիս Մորենո Օկամպոն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ