13 11 2023

Արսեն Թորոսյանը ՆԳՆ-ին կոչ է արել հանդուրժող չլինել ամրագոտին չկապած վարորդների նկատմամբ

Արսեն Թորոսյանը ՆԳՆ-ին կոչ է արել հանդուրժող չլինել ամրագոտին չկապած վարորդների նկատմամբ

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստորև գրությամբ դիմել եմ Ներքին գործերի նախարարին:

***

Հարգելի պարոն Ղազարյան,

Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդների կողմից զանգվածաբար խախտվում են վարորդների և ուղևորների ամրակապման կանոնները, ինչպես նաև տպավորություն է ստեղծվում, որ Ոստիկանության Պարեկային ծառայությունը այդ իրավախախտման նկատմամբ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում, ինչն անթույլատրելի է, քանի որ վթարների ժամանակ չամրակապված վիճակում լինելը բազմապատիկ ավելացնում է ծանր վիրավորման կամ մահվան ելքերը:

Այս իրավախախտման զանգվածային լինելը հատկապես ակնառու է դարձել տրանսպորտային միջոցների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ապահովելուց հետո:

Խնդրում և առաջարկում եմ Ձեզ սահմանել ժամկետ, որից հետո վարորդների և ուղևորների չամրակապման նկատմամբ Ոստիկանության Պարեկային ծառայության կողմից այլևս հանդուրժողականություն չի դրսևորվի, այդ մասին իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, որպեսզի որևէ վարորդ չկարողանա պնդել, թե ինքը տեղյակ չի եղել, որ այլևս այդ իրավախախտումների համար տուգանվելու են, չնայած այն հանգամանքին, որ իրականում դրա կարիքը չկա էլ, քանի որ օրենքի այդ պահանջը երբեք էլ չի չեղարկվել:

Ինչպես նաև խնդրում եմ Ձեզ հրահանգավորել Ոստիկանության Պարեկային ծառայությանը այդ ժամկետից հետո իրականացնել խիստ հսկողություն վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ:

Հարգանքով,

Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ