«Սեպտեմբերի 19-ին՝ պատերազմը սկսվելուց ժամեր անց, մենք ունեցանք ամբողջովին խաթարված ենթակառուցվածքներ, ինտերնետ և այլ կապի միջոցներ, էլեկտրաէներգիայի բացակայություն, և այդ պայմաններում մենք սկսեցինք տարհանել այն բնակավայերի բնակիչներին, որոնք գտնվում էին ադրբեջանական զինուժի թիրախում»,- Արցախի հանրային հեռուստատեսությամբ հայտնեց ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը։
Նա ասաց, որ շփման գծին մոտ բնակավայրերից անմիջապես սկսել են դեպի Ստեփանակերտ և օդանավակայանի տարածք տարհանել բնակիչներին:
«Պատերազմի հաջորդ իսկ օրը մոտ 8 հազարից ավել տարհանված բնակիչներ ունեցանք Ստեփանակերտում և մերձակայքում»,-հայտնեց պետնախարարը՝ տեղեկցնելով, որ միայն Ստեփանակերտում 14 կացարան էին ապահովել և զուգահեռաբար սկսվել էին մյուս բնակավայրերից տարհանումը:
Արթուր Հարությունյանը ասաց, որ սեպտեմբերի 22-ին արդեն հանրապետության բոլոր շրջանները կտրված էին Ստեփանակերտից:
«Կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին տարածում՝ խոսվում էր, թե երեք օր ժամանակ է տրված՝ ովքեր հասցնեն տեղափոխվել Հայաստան՝ կգնան, ովքեր չէ՝ կմնան: Այնուհետև երկրորդ ապատեղեկատվությունը տարածվեց, թե ինչքան կարողանան դուրս գան՝ 30 հազարը մնալու են»,-հայտնեց պետնախարարը՝ տեղեկացնելով, որ կառավարությունը փորձում էր պայքարել այդ ապատեղեկատվության դեմ, բայց այն լավ չէր ստացվում:
Նա տեղեկացրեց, որ հրադադարից հետո էլ ադրբեջանական զինուժը տեղաշարժվում էր և մոտենում բնակավայրերի ճանապարհներին, ինչը նոր խուճապային լուրերի տարածման հիմք հանդիսացավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը