08 11 2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանն ու Էլինար Վարդանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Խմբակցության պատգամավորներն արժեւորել են համազեկուցողների` ԵԽԽՎ-ում հայանպաստ գործունեությունը, շեշտադրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած ցեղասպանության եւ հայրենազրկման, Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զավթիչ ուժերի առկայության միջազգային հանցագործության փաստերը: Պատգամավորները կարեւորել են միջազգային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումն ու հետեւանքների վերացման հրատապությունը, արձանագրել, որ դրանք դեռեւս բավարար չեն:

Հյուրերի խնդրանքով պատգամավորները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները: Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի բռնազավթումը եւ բնիկ հայ ազգաբնակչության էթնիկ զտումը որեւէ կերպ չեն կարող դիտվել որպես հակամարտության վերջնական լուծում: Հակամարտությունը կարող է կարգավորվել այլ հանրահայտ սկզբունքների հիման վրա` ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու եւ իրացնելու դեպքում: Որպես առաջին քայլ` անհրաժեշտ է համարվել ապահովել ԼՂ մեր հայրենակիցների վերադարձը հայրենիք. վերադարձի նախապայմանները ներառում են Լեռնային Ղարաբաղին անցումային (ժամանակավոր) կարգավիճակի շնորհումը, անվտանգության երաշխիքների, այդ թվում` միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը, ինչպես նաեւ Հայաստանի հետ անխափան ու անվտանգ հաղորդակցության ապահովումը:

«Հայաստան» խմբակցության անդամները համազեկուցողներին ներկայացրել են նաեւ Հայաստանում քաղաքական հետապնդումների, ժողովրդավարության ոտնահարման, մարդու իրավունքների խախտման դեպքերը, հատկապես անդրադառնալով, իրենց կարծիքով, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելուն, դատարանների կողմից կալանքը որպես պատիժ կիրառելուն, փաստաբանների առջեւ հարուցած արգելքներին, հավաքների, խոսքի եւ մամուլի ազատությունը սահմանափակելու դեպքերին, անկախ եւ ինքնավար պետական մարմինները քաղաքականացնելուն եւ իշխանությունների կողմից դրանք յուրացնելուն, ինչպես նաեւ երկրում միահեծան կառավարում հաստատելու փորձերին, Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված իրավունքներն անտեսելուն: Կարեւորելով Հայաստանի դատավորների միության, փաստաբանների պալատի եւ ժուռնալիստների միության հետ աշխատանքը` հյուրերին ներկայացվել է նշված հարցերի վերաբերյալ ամփոփ թղթածրար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ