Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունն է տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին․ ավելին, դա Արցախի բնակիչների՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցի հետ նույն հարթության վրա է դրվում, ինչն անբարոյականություն և դիվանագիտական անմեղսունակություն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այսօր շրջանառության մեջ է դրվել այն, որ եթե մենք արցախահայերի՝ իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանն իր քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հարցը կդնի: Բայց սա արդեն անբարոյականության և դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետն է: Անբարոյականություն է, որովհետև Փաշինյանն ու իր իշխանությունը արդեն մեկ տարուց ավելի է, որ ադրբեջանցների՝ Հայաստան գալու հարցը քննարկում են և համաձայնություն են տվել, «անկլավների» «վերադարձի» հարցին են համաձայնություն տվել: Իսկ դիվանագիտական անմեղսունակություն է այն, որ դու թույլ ես տալիս այլոց, որ այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա դնել։
Արցախահայության՝ իրենց տները վերադառնալու հարցը վերաբերում է նրան, որ նրանք ընդամնենը մեկ ամիս առաջ էթնիկ զտման արդյունքում դարձել են փախստական: Այո, Հայաստանում են, բայց նրանք փախստական են, որովհետև իրենց տներից դուրս են վռնդվել: Նրանք այսօր իրավունք ունեն իրենց տուն, իերնց հայրենիք գնալու, որտեղ ապրել են սերունդներով, հազարամյակներով ․․․ Այդ երկու հարցերը նույն հարթության վրա դնելը իսկապես դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետ է»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը