01 11 2023

Ադրբեջանի համար շատ կարևոր է, որ այդ անձը հնարավորին չափ երկար մնա Հայաստանի ղեկավար. Արմեն Մանվելյան



«Ամեն անգամ, երբ գործող քաղաքական ռեժիմը սկսում է խաղաղություն բառն օգտագործել, մենք գնում ենք հերթական պատերազմի. այժմ «խաղաղության խաչմերուկ» ծրագիրն են բերել օրակարգ, նշանակում է, որ Հայաստանի հերթական քանդման ու պարտության գործընթացը սկսվել է, որը  հիմա որոշել են կոչել «խաղաղության խաչմերուկ»,- Yerevan.Today-ի տաղավարում ասաց միջազգային հարաբերությունների մասնագետ Արմեն Մանվելյանը:

«Կա մի կեղծ պատմական կարծիք, թե՝ Հարավային Կովկասը դարեր շարունակ եղել է առևտրային խաչմերուկ․ դա իրականությունից հեռու պնդում է։ Հարավային Կովկասը պատմականորեն երբեք չի եղել խաչմերուկ. այլ բան, որ հարձակումների, ներխուժումների, ավերների համար, այո՛, եղել է. և՛ հյուսիսիսց են հարձակվել, և՛ հարավից, և՛ արևմուտքից, և՛ արևելքից, բայց որպես առևտրային խաչմերուկ այն երբեք չի եղել»,- ասաց Արմեն Մանվելյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իր հաջողությունները պայմանավորված են մի անձի գոյությամբ, և այդ անձի անունը Նիկոլ Փաշինյանն է: «Իրենց համար շատ կարևոր է, որ այդ անձը հնարավորին չափ երկար մնա Հայաստանի ղեկավար»,- ասում է Արմեն Մանվելյանը՝ հատկանշելով. «Փաստենք, որ մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիր չի կնքվի. 

Երկիրը կործանելու ծրագիրն այս քաղաքական  ռեժիմը կոչում է «խաղաղության խաչմերուկ»: 

Թե որքանով է տրամաբանական  փոխնախարար Հակոբ Վարդանյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից, եթե նկատի առնենք, որ գազամատակարարումն ապահովող ենթակառուցվածքները ռուսական «Գազպրոմ»  ընկերությանն են պատկանում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ինչպես քաղաքական համակարգն է կազմված դիլետանտներից, որոնք չհասկանալով չմտածված հայտարարություններ են անում, այս հայտարարությունը ևս փաստում է մի բանի մասին, որ այդ անձը չի տիրապետում այն բնագավառին, որի փոխնախարարն է, հակառակ դեպքում կիմանար, որ Ադրբեջանից գազ գնելը հնարավոր չէ մի քանի պատճառներով. նախ՝ Ադրբեջանն իր ամբողջ գազը երկարատև պայմանագրով վաճառում է Վրաստանին, Թուրքիային և Եվրոպային, նաև՝ գները, օրինակ՝ Թուրքիային գազը վաճառում են 300 դոլարով, Եվրոպային մոտավորապես 600 դոլարով, իսկ մենք ռուսական գազը սահմանին 175 դոլարով ենք գնում, նույնիսկ այս գնային համեմատությունը ցույց է տալիս, որ սա  անիմաստ խոսակցություն է:

Ռուսաստանը մեզ տալիս է էժան գազ՝ հաշվի առնելով նախկինում եղած ռազմավարական հարաբերությունները, որոնք այլևս չկան. գազի գինը շատ քաղաքական գին է, դա շուկայական ապրանք չէ, հետևաբար քաղաքական երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են:

Հաջորդը՝ Ադրբեջանի գազի առյուծի բաժինը պատկանում է ոչ թե Ադրբեջան պետությանը, այլ՝ British Petroleum (BP)  ընկերությանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ