11 10 2023

Փաշինյանը հարցազրույցում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին մանիպուլացրել է



Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին՝ ասելով․ «Մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը, ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ: Դա հրապարակային փաստաթուղթ է, եկեք կարդանք, ընդհակառակը, նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»:

Փաշինյանիայս հայտարարությունը առնվազն մանիպուլյացիա է։

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետում նշված է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Իհարկե՝ Փաշինյանը կարող է արդարանալ, թե՝ փաստաթղթում գրված չէ Ռուս սահմանապահների կողմից անվտանգության մասին, այլ՝ վերահսկողության մասին։ Սակայն նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշում է․ «Մենք պատրա՞ստ ենք արդյոք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, այո, պատրաստ ենք, և ինչպես արձանագրվել է՝ դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ օրինակ, ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա: Հայաստանի Հանրապետության սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավազորության և հայտնի սկզբունքների հիման վրա»: 

Այնինչ, նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է հենց Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային հաղորդակցությունը երրորդ ուժի կողմից վերահսկելու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ