09 10 2023

ՔԿ-ում բազմաթիվ պաշտոնյաներ վարչապետից ավելի, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում․ Փաշինյան

ՔԿ-ում բազմաթիվ պաշտոնյաներ վարչապետից ավելի, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ իրեն ասում են, թե ինչ-որ մեկին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, իր առաջին արձագանքն է լինում, որ դա հնարավոր չէ, քանի որ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որ կտա նման հրահանգ և Հայաստանի Հանրապետությունում չկան քննիչներ, ովքեր կկատարեն այդ հրահանգը: «Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը և պատասխանատվության անխուսափելիությունը: Եվ ես ուզում եմ ձեզ մաղթել, ակնկալել և հավատալ, որ աներեր կանգնած եք այս սկզբունքների, այս արժեքների պաշտպանության դիրքերում, որովհետև այդ արժեքներն ընկած են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և ապագայի հիմքում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Քննչական կոմիտեում աշխատավարձերի գրեթե կրկնապատկումը: «Ընդ որում, Քննչական կոմիտեն միակը չէ այս առումով, մենք այս ընթացքում աշխատավարձերի բարձրացում ենք ունեցել և դատական համակարգում, և դատախազությունում, Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե արդեն բարձր աշխատավարձերով էր հիմնադրվել: Ուզում եմ ընդգծել, որ իհարկե, սրանով մեր վստահությունն է արտահայտվում մեր քննչական մարմինների և արդարադատության համակարգի նկատմամբ, բայց նաև այս հարցում իմ անձնական մոտեցումը հետևյալն է՝ այստեղ կա և՛ ինստիտուցիոնալ խնդիր, և՛ էֆեկտիվության, և՛ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու խնդիր:

Վերջերս, երբ պետական միջավայրում քննարկում էինք և ուզում հասկանալ, թե աշխատավարձի ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դատախազությունում, դատարաններում, քննչական համակարգում, և երբ այդ դրույքաչափերը դրվեցին իմ սեղանին՝ ես ուզում եմ ուղիղ ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ շատ լավ զգացի, այդ թվում՝ այն պատճառով, որ այսօր Քննչական կոմիտեի բազմաթիվ պաշտոնյաներ վարչապետից ավելի, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում: Ոմանք ասում են՝ սա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Ես համարում եմ, որ դա ավելի քան նորմալ է, որովհետև սա է ինստիտուցիոնալ անկախությունը և էֆեկտիվությունն ապահովելու միջոցը և ճանապարհը»,- շեշտել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ այդ ծառայության որակը բարձրացնելուն է միտված այդ թվում՝ աշխատավարձի փոփոխությունը. «Այդ ծառայությունը կոչվում է արդարություն, արդարադատություն, օրենքի գերակայություն, պատասխանատվության անխուսափելիություն: Մենք ուզում ենք ակնկալել և ակնկալում ենք իսկապես, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանի Հանրապետությունում որևէ հետապնդման չի ենթարկվի: Ես նկատի ունեմ ոչ միայն քրեական հետապնդումը, այլև այլ հետապնդումներից պաշտպանելը նույնպես Քննչական կոմիտեի գործն է, մեր իրավապահ համակարգի գործը: Մարդիկ ամենատարբեր ապօրինի հետապնդումների կարող են ենթարկվել: Շատ կարևոր է, որ մենք Քննչական կոմիտեի և նաև իրավապահ համակարգի գործունեության արդյունքում խնդիր ենք դնում՝ ի հայտ բերել մի շարք համակարգային թերություններ, որոնք պատճառում են վնասներ, և վերացնել այդ համակարգային թերությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ