03 10 2023

ՆԳՆ բոլոր աշխատակիցները վերջին օրերին «որակյալ աշխատանքի կատարման» համար պարգևատրվել են

ՆԳՆ բոլոր աշխատակիցները վերջին օրերին «որակյալ աշխատանքի կատարման» համար պարգևատրվել են

Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնը գրում է.

«Ի պատասխան ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու հարցմանը՝ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նախարարության և դրա ենթակա մարմինների բոլոր աշխատակիցները, այդ թվում ոստիկանները, պարգևատրվել են: 

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցում էր ուղարկել Ներքին գործերի նախարարին՝ ստանալու հետևյալ հարցերի պատասխանները. 

  1.  2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարության առանձին ստորաբաժանումների, Ոստիկանության աշխատակիցներին, ծառայողներին տրվե՞լ է արդյոք պարգևավճար, դրամական աջակցություն, խրախուսանք:
  2. Եթե, այո, խնդրում ենք տրամադրել պարգևավճարներ և այլ դրամական աջակցություն հատկացնելու վերաբերյալ իրավական ակտերի պատճեները (նախարարի, առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաման, որոշում և այլն) :
  3. Տրամադրել պարգևավճար և դրամական այլ աջակցություն ստացած աշխատակիցների, ծառայողների ցանկը՝ ներառելով հատկացված գումարի չափը: 

Նախարարությունից այսօր՝ հոկտեմբերի 3-ին ստացված պաատսխանով հայտնում են, որ 

  1. ՀՀ ներքին գործերի նախարարի 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով ներքին գործերի նախարության և ենթակա մարմինների ծառայողներին (աշխատողներին) որակյալ աշխատանքի կատարման համար հատկացվել են պարգևատրում։ 
  2. ՀՀ ՆԳ նախարարի վերը նշված հրամանով պարգևատրում է հատկացվել ՀՀ ներքին գործերի նախարարության և ենթակա մարմինների ծառայողներին (աշխատողներին) որակյալ աշխատանքի կատարման համար՝ յուրաքանչյուրին 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ գումարով, բայց ոչ ավելի քան մեկ պաշտոնային դրույքաչափը։ Պարգևատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը։ Այն է, պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
  3. - 3-րդ հարցի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրման ենթակա տեղեկատվություն է (հիմք՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, ՀՀ կառավարության գաղտնի որոշումը ոստիկանության զորքերի թվաքանակի վերաբերյալ, ՀՀ ոստիկանության պետի 27.10.2020թ. թիվ 11-Ն հրամանի 23-րդ կետ)»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ