26 09 2023

Վերջնահաշվարկի փուլում ենք՝ արյան իշխանությունը հեռանում է․ «Հրապարակ»

Վերջնահաշվարկի փուլում ենք՝ արյան իշխանությունը հեռանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Երեկ առավոտից Փաշինյանի ոստիկանական ջոկատները Երեւանը վերածել էին բարդակի: Սիրենաների ոռնոցը բռնել էր քաղաքը: Անհնազանդության ակցիաների մասնակիցների եւ ոստիկանների բախումներից խրտնած քաղաքացիները փախչում էին մայթերով, պատսպարվում մոտակա խանութներում, շենքերի մուտքերում եւ բակերում: Ամենուր շրջում էր Նիկոլի պարտված ուրվականը: Ոստիկանական ավտոմեքենաների ոռնոցը չէր դադարում: Ակնհայտ էր, որ Հանրապետության հրապարակից դեպի ՀՀ ՆԳՆ կատարված երթից ոչ մի ուղերձ չի հասել ՀՀ տապալված կառավարությանն ու նրա միակ հենարան ոստիկանությանը:

Փոխարենը հայ ժողովրդի ուղեղին է հասել Փաշինյանի վերջին ուղերձի մեջ հնչած տագնապահարույց միտքը՝ ժողովուրդ, Արցախը տվեցի, խաղաղության դարաշրջանն ավարտվեց, ես անցնում եմ իմ պլանի վերջին կետին՝ Սյունիքը տալուն: Ահավասիկ, դիմում եմ միջազգային հանրությանը, որ գան ու պաշտպանեն Հայաստանի մնացորդացի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը: Ի հեճուկս Փաշինյանի, ժողովուրդն այս «պարզ» բանը շատ արագ ու հենց այսպես հասկացավ: Փաշինյանն այլեւս կարող է իրեն ամենատարբեր բաների առաջնորդ հռչակել՝ անկախության շարժման առաջնորդ, թավշյա խեղկատակության արժեքների պահապան, հայկական ժողովրդավարության բաստիոնի մեներգիչ… Ինչ մտքով անցնի: Նրան այլեւս հավատացող չկա:

Նա պետք է քաղաքական այնքան հասունություն ունենար, որ Հայաստանը չգլորեր ուկրաինական ճահճի մեջ: Մարդուն թվում է, որ Արեւմուտքը (այսպես կոչված՝ միջազգային հանրությունը) փեշերը քշտած, վազելու է մեզ օգնության, մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահելու: Սովորական հավկուրություն, ուրիշ՝ ոչինչ: Այդ նույն միջազգային հանրությունը, 30 տարի Արցախի հարցով բանակցելուց հետո, Արցախի տարածքային ամբողջականությունը պահպանելու խոստումներ տալուց, Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքին իրավական ձեւակերպում տալուց հետո փախավ Արցախից 2020թ. սեպտեմբերի 27-ի առաջին կրակոցների ձայնից: Փաշինյանը հիմա էլ ուզում է այդ նույն հանրության հետ Հայաստանի ապագան, անկախությունն ու տարածքային ամբողջականությո՞ւնը կապել: Նման ուղերձ հղողն առնվազն պետք է պայմանավորված լիներ Արեւմուտքի հետ: Պայմանավորվե՞լ է, վստա՞հ է, որ քաղաքակիրթ Արեւմուտքը պատրաստ է Հայաստանում երկրորդ ուկրաինական ճակատ բացել այնպիսի գերտերությունների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ մյուսները:

 

Փաշինյանը պատահաբար հույսը չի՞ դրել մեր տարածաշրջանում Արեւմուտքի ժանդարմների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որոնք ամեն ինչ կանեն Արցախի օրինակով Հայաստանի հարցը լուծելու համար: Սկզբում կհամաձայնեն, Երեւանով հանդերձ, մի թիզ Հայաստան թողնել, իսկ հետո դրա վերջն էլ կտան՝ առաջին իսկ հարմար առիթի դեպքում: Մի՞թե շատ խելք է հարկավոր՝ այս հասարակ բանը հասկանալու համար: Ի՞նչ կմնա Հայաստանի անկախությունից կամ, որ շատ ծիծաղելի է, տարածքային ամբողջականությունից, եթե Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքով միանան իրար: Ո՞վ պետք է կանգնեցնի թուրքական ամենակուլ մեքենան, Արեւմո՞ւտքը, միջազգային հանրությո՞ւնը: Բավական չեղա՞վ, Վրաստանը, Սիրիան, Ուկրաինան, Արցախը մեզ դաս չեղա՞ն: Ո՞ւր են այսօր այդ երկրների տարածքային ամբողջականության երաշխավորները՝ միջազգային հանրություն կոչվածը, որի մասին իր ուղերձում հիշել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան, դու անկախ Հայաստանի վարչապետ ես դարձել՝ խոստանալով ավելի ամրապնդել այդ անկախությունը, դու Սահմանադրություն ես ստանձնել, որի մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, դու մի Հայաստան ես ստացել, որի տարածքային ամբողջականությունը ճանաչել է ողջ աշխարհը: Դու ստացել ես մի երկիր, որին ոչինչ չէր սպառնում, ու պետք էր ընդամենը որպես վարչապետ ծառայել նրան: Իսկ ի՞նչ արեցիր դու... Ու մեղքը մի գցիր աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ խառնակ վիճակների վրա: Քո քայլերի մեջ փնտրիր այս ամենի մեղքերն ու պատճառները:

Նաեւ մի պարզ հարց եմ ուզում տալ՝ ո՞ւր են Հայաստանի Հանրապետության դաշնակիցները: Ո՞վ է մեղավոր, որ նրանք այսօր Հայաստանի ու Արցախի կողքին չեն` հենց իրենց շահերից ելնելով: Մենք ՀԱՊԿ-ում ղեկավար ունեինք: Ո՞վ նրան հետ կանչեց ու քրեական գործ հարուցեց նրա դեմ: Դա դու արեցիր, Նիկոլ Փաշինյան: Եվ ճակատագիրը քեզ պատժեց դրա համար: Մի գեղեցիկ օր էլ դու դարձար ՀԱՊԿ-ում համակարգող, եւ ժամերի ընթացքում Ղազախստանում ճնշվեց հերթական գունավոր հեղափոխությունը: Դու գուցե չհասկացար էլ, թե ինչպես եղավ դա, բայց եղավ, չէ՞: Իսկ ինչո՞ւ նույն ՀԱՊԿ-ին չթույլատրեցիր անգամ զորավարժություններ անցկացնել Հայաստանում: Ումի՞ց վախեցար կամ ինչի՞ց… Որ Հայաստանը հանկարծ գուբերնիա՝ ծայրագավառ չդառնա՞, թե՞ միջազգային հանրությունից, Թուրքիայից ու Ադրբեջանից վախեցար, որ հանկարծ քեզ շամպայնի խցանի պես չթռցնեն քո թուրք-ադրբեջանական կաբինետից:

Եկել ես այստեղ, ուղերձ ես կարդում, քո անձնական դաշնակիցների անուններն էլ չես տալիս… Թե բա՝ միջազգային հանրություն: Ո՞ւմ ես ուզում խաբել: Ուշքի արի, անցել են այդ ժամանակները: Հրաժարականդ տուր, ուր ուզում ես՝ գնա: Քեզ չի հաջողվելու Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել եւ Հայաստանը դարձնել վիլայեթ՝ թուրք-ադրբեջանական սանջակ: Դու ո՜ւր, Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունն ո՜ւր: Քոնը ժողովրդի վրա ոստիկան քսի տալն է:

ՀԳ. Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջնահաշվարկը սկսվել է: Մեր հարցերն այլեւս մենք ենք լուծելու, այդ թվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու հարցը: Մենք չանենք դա՝ մեր փոխարեն կանեն Էրդողանն ու Ալիեւը, կանի միջազգային հանրություն կոչվող ինչ-որ անհասկանալի կառույց, եւ ստիպված կլինենք դիմավորել հերթական դրածոյին՝ Նիկոլ երկրորդին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ