«Ես այսօրվա ոստիկանների պահվածքի պատճառով իմ տեղը չեմ գտնում․ ոչ նրա համար, որ ինձ ադրբեջանցի ավանեց և խփեց, այլ նրա համար, որ ես փորձում եմ պատկերացնել Արցախում մի մայր, որ 24 ժամ իր երեխայից լուր չունի, հանկարծ մտնում է համացանց ու տեսնում է՝ հայ ոստիկանը դաժանաբար ծեծում է իր 17-18-ամյա երեխային։ Տեսնում է, որ հայ ոստիկանը ադրբեջանցի է անվանում իրենից հեռու մնացած, կներեք բառի համար՝ անտեր մնացած երեխային»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց շուշեցի Նարե Սիմոնյանը։
«Ես ամաչում եմ ոչ թե նրա համար, որ հարված եմ ստացել, այլ որ ադրբեջանական լրատվականները չարախնդում են՝ ասելով, որ Երևանում ոստիկանները ծեծել են շուշեցի կնոջ։ Սահմանից դուրս և կառավարության շենքում գտնվող թշնամիները փորձում են մեզ և ոստիկաններին թշնամացնել։ Այս շենքը օկուպացրել են մեր թշնամիները։
Օկուպացիոն ռեժիմը որքան մեզ է ատում, այնքան էլ ոստիկաններին, դրա համար ամեն ինչ անում է ժողովրդի հետ թշնամացնելու համար, դրա համար է ստիպում գնալ Եռաբլուր և քաշքշել հերոսների ծնողներին։ Իրանք գնալու են, իրենք էլ գիտեն, որ գնալու են, բայց մենք ու դուք միասին պետք է պետություն պահենք։
Մենք պայքարում ենք ձեզ համար, ձեր ընկած, հերոսացած ընկերների համար»,- ասաց շուշեցի կինը՝ հավելելով, որ իրենք պայքարում են, որ Հայաստանն Արցախի իրավիճակում չհայտնվի։
«Այս օրերին Արցախում այս հուսահատ վիճակում անգամ, ցեղասպանվելու այս վիճակում անգամ հայացքներն հառել են Հայաստանին։ Աշխարհի ոչ մի դպրոցում այդքան չի հնչել մայր Հայաստան բառերը, ինչքան Արցախի դպրոցներում։ Հիմա իրենք հույսով հայացքներն ուղղել են մայր Հայաստանին, սպասում են մեր և իրենց փրկությանը, մեր փրկությանը, մեր բոլորի հայրենիքի փրկությանը։ Խնդրում եմ դուրս եկեք պայքարի, որ Երևանը փրկենք։
Այսօր կառավարության նիստի ժամն են փոխում, վաղը չեղարկելու են, մի ուրիշ օր ստիպված են լինելու ազատել մեզ պատկանող այս շենքը»,- ասաց Նարե Սիմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը