ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց քննարկելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը նման դիրքորոշում է հայտնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներին:
Նա նշել է, որ Ադրբեջանն ընդամենը մեկ բեռնատարի մուտք է թույլատրել Լեռնային Ղարաբաղ Աղդամով՝ 120 հազար հայերի համար, մինչդեռ մինչև Լաչինի միջանցքի արգելափակումը 120 բեռնատարներ էին անցնում ամեն օր:
«Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը չի կազմակերպում էթնիկ զտումներ: Բայց դա հենց դա է, ինչ ինքն անում է»,-ասել է նա՝ հավելելով, որ Ալիևը նպատակ ունի Արցախի ժողովրդին ստիպել քաղաքականապես հպատակվել կամ սովամահ անել:
Սենատորը հավելել է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների: Սենատորն ընդգծել է՝ ժամանակն էական է: Նա մեջբերել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցից մի հատված՝ սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի:
«Մի քանի շաբաթ, այսքան ժամանակ մենք ունենք»,-շեշտել է Մենենդեսը:
Խոսելով այս վայրագությունը կանխելու համար Բայդենի վարչակազմից և միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններից՝ նա ասաց. «Մեր ուղերձը ամենաբարձր մակարդակներից պետք է լինի միանշանակ՝ դադարեցրեք շրջափակումը, դադարեցրեք սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հասցեին, դադարեցրեք սպառնալիքները հայերի հասցեին, բացեք Լաչինի միջանցքն անմիջապես»:
Սենատորն ընդգծել է՝ սրանք այն պարտավորություններն են, որոնք Ադրբեջանը ինքն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի պայմանավորվածությամբ:
Նա խոսել է նաև ռուս խաղաղապահների ունեցած պարտավորությունների մասին:
Մենենդեսը նշեց, որ նաև Եվրոպայում կայունության նպատակով Միացյալ Նահանգները և Եվրոպան պատասխանատվություն են կրում: Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի երկարատև, կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Ես աջակցում եմ ցանկացած ջանքի, որն ուղղված է ապահովելու կայուն խաղաղությունը և անվտանգությունն ու հիմնարար իրավունքները՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց համար: Բայց իրականությունը հետևյալն է՝ խոսակցությունն անարժեք է, երբ այս բանակցություններում մի կողմը էթնիկ զտումների արշավ է իրականացնում»,-ասել է Մենենդեսը:
Նա հույս հայտնել է, որ կգտնեն, թե ինչ տարբերակով կարող են մեղմել հումանիտար ճգնաժամը ԼՂ հայերի համար, ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ստիպելու համար Բաքվի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը:
«Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որը, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է»,-եզրափակել է Մենենդեսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը