«Հայաքվեն» այսօր ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները: Մինչ այդ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին միանալ, միասին հանձնել համատեղ որոշման արդյունքները և տեր կանգնենլ ստորագրություններին։ Այս կոչին միացել են քաղաքական ուժեր, հանրային գործիչներ, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույզում հայտարարեց, որ արցախցիներն ամեն ինչ անում են ֆիզիկապես դիմանալու համար.
«Սովի, ճնշման, առևանգումների, կյանքի վտանգների, որոշ հակահայրենիք գործիչների հստակ պրոադրբեջանական գործունեության պայմաններում, միևնույն է, հերոսաբար դիմանում են: Ստեփանակերտում ինչ հնարավոր է անել ՀՀ-ի և Արցախի փրկության համար, իրենք անում են: Հերթը մերն է՝ Երևանինն է։ Իրականում հենց այստեղ պետք է որոշվի Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Շատ կարևորում եմ, որ մեր քաղաքացիները «ՀայաՔվե» նախաձեռնության հետ կապված մի կարևոր փաստի ուշադրություն դարձնեն: Այս նախաձեռնությունը պարզապես պատիժ է ավելացնում այն բանի համար, ինչը գրված է մեր Սահմանադրության մեջ: Ինչի համար եմ ես սրան ուշադրություն դարձնում, քանի որ Փաշինյանն այդ իր փոփոխությունների մեջ՝ զինանշան, օրհներգ, արդեն իսկ դաշտ է նետում»,-ասաց Հայկ Մամիջանյանը :
Անդրադառնալով ՔՊ պատգամավորներին նա ասաց.
«ՔՊ-ն, իրենց երեսփոխանները պիտի հասկանան, որ եթե պատմության ճիշտ կողմն ընտրել չկարողանան, ապա իրենք, իրենց սերունդները, հարազատները հավերժ կրելու են այն խարանը, որը արդեն յուրացրել է Նիկոլ Փաշինյանը ու, կարծես, հպարտ է դրանով: Շատ պարզ է ամեն ինչ՝ կա՛մ դու օգնում ես հայրենազրկվելուն, կա՛մ դու դրա դեմ պայքարում ես: Ես ՔՊ-ին համոզելու կամ բացատրելու բան չունեմ: ՔՊ-ն պետք է հասկանա, որ այն հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք չեն հաշտվում հայրենիք չունենալու հետ, մի օր գալու են իրենց դուռը: Չի ստացվելու պախկվել Փաշինյանի, նրա նկարի, ծառայողական մեքենայի, անվտանգության աշխատակիցների հետևում: Յուրաքանչյուր ոք հայրենիքի դավաճանության համար անվանական ու խիստ թիրախային պատասխանատվություն է կրելու»,-ասաց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը