18 08 2023

Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը այսպիսին է՝ «ե՛վ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ողջ». Վլադիմիր Վասիլև․ Alphanews.am



Alpha News-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը, ամերիկագետ Վլադիմիր Վասիլեւն ընդգծել է, որ ամերիկացիները հետևում են «ե՛վ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ողջ» սկզբունքին:
«Այսօր ՄԱԿ-ի դիրքորոշումն ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրում, այն պարտադիր նշանակություն կամ ազդեցություն չունի, և, ընդհանուր առմամբ, դա ավելի շատ դիրքորոշման հռչակագիր է։ Սովորաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգները հենվում է տնտեսական լծակների վրա, և այս դեպքում, դա հնարավորություն է հենց տնտեսական ազդեցության համար։

Բայց մյուս կողմից, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև մերձեցում է նկատվում, ապա այդ դիրքորոշումն արտացոլում է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ իրենք կարող են ավելի շատ ազդել Թուրքիայի և, համապատասխանաբար, Ադրբեջանի տարածքով այդ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Տվյալ դեպքում, Հայաստանի վրա ճնշումը կարող է ուժեղանալ։

Մյուս կողմից՝ դիրքորոշումը բխում է «ե՛վ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ողջ» կզբունքից, այսինքն՝ ցույց տալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Փաշինյանի ռեժիմին, ավելի ճիշտ՝ Փաշինյանի կառավարությանը սատարելու սկզբունքին։ Նրանք բարեկամաբար են վերաբերվում Հայաստանին, բայց միևնույն ժամանակ, ստեղծվում է քաղաքական իրավիճակ, որը դրդում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ավելի շատ կողմնորոշվել այն ուժերի դասավորվածության վրա, որոնք գտնվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Այս առումով, դա մեծ վնաս է և մեծ հարված Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ահա այս չեզոք դիրքորոշումից մի կողմից ցանկություն է առաջանում վնասելու կամ սասանելու Ռուսաստանի դիրքերը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին այս տարածաշրջանում հետ մղելու ցանկությունը։ Իսկ մյուս կողմից՝ պահպանելու բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև տվյալ դեպքում՝ Փաշինյանի կառավարությունը բավականին մեծ հույսեր է կապում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և ինչ-որ տեղ, նույնիսկ, պրոամերիկյան դիրք է զբաղեցնում։

Ահա այստեղից էլ առաջ է գալիս այդ բավականին բարդ դիրքորոշումը, որը զբաղեցնում է Ամերիկան։ Մի կողմից՝ վնասել, եթե այդպես կարելի է ասել, Ռուսաստանին հետ մղելով այս տարածաշրջանից, բայց մյուս կողմից՝ պահպանել նորմալ կամ բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ահա այս ամենից, ըստ իս, բխում է Ամերիկայի քաղաքականության բարդ գիծը, որը նա, ամենայն հավանականությամբ, կշարունակի իրականացնել», — նշել է փորձագետը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել էր, որ ԱՄՆ-ն խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, ինչը կտրում է կենսական նշանակության ապրանքների առաքման հասանելիությունը և խորացնում հումանիտար իրավիճակը:

Մշտական ներկայացուցիչը նաև կոչով դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով և նշել այլ երթուղիներով փոխզիջման հնարավորությունը՝ հումանիտար փոխադրումները չսահմանափակելու համար: Բացի այդ, կողմերը պետք է շարունակեն բանակցությունները հարաբերությունների կարգավորման շուրջ, ինչը կողմերից կպահանջի ճկունություն, հնարամտություն և փոխզիջումներ: ԱՄՆ-ն կաջակցի խաղաղության հասնելու համար բանակցությունների ցանկացած ձեւաչափի եւ կողմերին ուղիղ բանակցությունների կոչ է արել, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջեւ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ