09 08 2023

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի: 

Նախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ընդգծելով առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը: 

Երկուստեք նշվել է իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել շփումներն այդ ուղղությամբ: Նախարար Միրզոյանը շեշտել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ