Տնային կալանքը՝ որպես կալանավորման ամենալուրջ այլընտրանք, կիրառության մեջ է դրվել ընթացիկ տարվա հունվարի 1-ից, և մասնագիտական տրամաբանությունը հուշում էր, որ դրա գործարկման պայմաններում կալանքների թիվը պետք է առնվազն 30-40%-ով նվազեր՝ ի հաշիվ տնային կալանքի (կա՛մ առանձին, կա՛մ մյուս այլընտրանքների, հատկապես՝ գրավի հետ համակցությամբ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նկատելով, որ «տնային կալանքը» լավ չի աշխատում:
Նա նաեւ նշել է. «Մինչդեռ քննչական կոմիտեի հրապարակած՝ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի վիճակագրական տվյալները, մեղմ ասած, ամենևին լավատեսական չեն։
Այսպես, կալանքի 1188 միջնորդությունից դատարանը բավարարել է 990-ը (!!!), այսինքն շուրջ 83%-ը։ Նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ, երբ տնային կալանքը գործարկված չէր, ոչ միայն չի գրանցվել նվազում, այլև գրանցվել է շուրջ 4% աճ։ Միայն 54 դեպքով է դատարանը կալանքի փոխարեն կիրառել տնային կալանք: Ընդամենը շուրջ 5%։
Ընդամենը 5%!! Սա պարզապես խայտառակ թիվ է։ Սա նշանակում է, որ տնային կալանքը վերածվել է եվրոպացիների աչքերին «թոզփչոցիի»։ Սա նշանակում է, որ նախկին ՄԻՊ անդրեասյանը, կալանքի անթույլատրելի մեծ թվերի մասին ժամանակին զեկույցներ գրելով, իրականում կեղծավորություն էր անում, որովհետև իր կառավարման օրոք, ունենալով այլընտրանքների լավագույն օրենսդրական բազան, կալանքի տոկոսը աճում է՝ նվազելու փոխարեն։
Կարևոր է նաև հասկանալ, որ այս թվերը միայն քաղբանտարկյալներով չեն պայմանավորված. նրանց տոկոսը համեմատաբար փոքր է։ «անդրեասյանական» անհիմն կալանքների ենթարկվողների գերակշիռ մեծամասնությունը ոչ հայտնի մարդիկ են՝ նախկին միպ-ի շեֆի ասած՝ «հպարտ քաղաքացիները»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը