04 08 2023

Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Կաթողիկսը՝ ԵՄ դեսպանին

Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Կաթողիկսը՝ ԵՄ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերեց դեսպանին հայ ժողովրդին մատուցած ծառայության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերի համար։

Նորին Սրբությունը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, ծավալապաշտական նկրտումներին, ինչպես նաև վերջինիս կողմից ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի՝ Բերձորի  միջանցքի արգելափակումը վերացնելու որոշման անտեսմանը և Կարմիր Խաչի հումանիտար առաքելության իրագործման խոչընդոտմանը, կարևոր է նկատել ԵՄ և միջազգային կառույցների կողմից առավել խիստ միջոցների գործադրումը՝ զսպելու Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի գործողությունները։ Ըստ Վեհափառ Հայրապետի՝ այս իրողությունը ցույց է  տալիս, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում և պետք է հարգվի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Հայոց Հովվապետը ողջունել է նաև Եվրոպական Միության կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Նորին Սրբությանը ներկայացրել է Հայաստանում ծավալած իր գործունեությունը՝ մասնավոր անդրադարձ կատարելով անվտանգային, մարդասիրական, սոցիալական ու կրթական ոլորտներում պատվիրակության գործադրած ջանքերին։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար աղետի և Հայաստանում ու Արցախում առկա անվտանգային խնդիրների հաղթահարման ուղիները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ