24 07 2023

Շուշիում Ալիևի միջոցառմանը մասնակցել է Վրաստանի Հանրային հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավարը

Շուշիում Ալիևի միջոցառմանը մասնակցել է Վրաստանի Հանրային հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավարը

 

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունն անդրադարձել է օկուպացված Շուշիում հուլիսի 22-23-ը անցկացված մեդիա-համաժողովին, որին մասնակցել են հյուրեր նաև Վրաստանից։ Հայտարարության մեջ նշված է.

«Մինչ Արցախի 120.000-անոց բնակչությունը, բացառապես հայ լինելու պատճառով, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության` արդեն գրեթե 8 ամիս գտնվելով շրջափակման մեջ և զրկված լինելով բուժօգնության և առաջին անհրաժեշտության այլ կարիքները հոգալու հնարավորությունից, մի քանի կիլոմետր այն կողմ Ի.Ալիևն անցկացնում է «Shusha Global Media Forum» կոչված ծրագիրը: Այլևս զարմանալի չէ Ի.Ալիևի ցինիզմի մակարդակը` Ադրբեջանում լրագրողական կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորումի անցկացման մասով, վերջերս անգամ պարզվեց, որ այդ երկրում կան «բնապաշտպաններ»:

Սակայն մեզ համար տարակուսելի է, որ սովի մատնվող հայ երեխաներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա նրանց դահիճների կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի (որը ֆինանսավորվում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` շուրջ 180.000 հայերի վճարած հարկերից) գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավար Ռամիլա Ալիևան: Հաշվի առնելով, որ Վրաստանի իշխանությունները միշտ հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք դիրքերից` հաճախ փորձելով դառնալ միջնորդ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում, նշված պաշտոնատար անձանց մասնակցությունը Շուշիում կայացած միջոցառմանը անհանգստության տեղիք է տալիս:

Մենք նախկինում ևս հայտարարել էինք, որ Հանրային հեռուստաալիքի հայալեզու և ադրբեջանալեզու բաժնի ղեկավարի պաշտոնում Ռ.Ալիևայի պաշտոնավարումը խոչընդոտելու է բաժնի օբյեկտիվ և անկողմնակալ գործունեությանը, սակայն հեռուստաալիքի ղեկավարության կողմից այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չձեռնարկվեց»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ