22 07 2023

Փաշինյանը, նրա թիմակիցները, առիթ-անառիթ ծաղրում են բուհական կրթություն ունեցողներին․ վերլուծական

Փաշինյանը, նրա թիմակիցները, առիթ-անառիթ ծաղրում են բուհական կրթություն ունեցողներին․ վերլուծական

7or.am-ը գրում է․ Այս օրերին ակտիվորեն քննարկված ու դեռ քննարկվող «խաղաղ» թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական խայտառակ նվաճումն է․ բարձրագույն ուսումնական հաստատություններին ընդունելության համար տրամադրված տեղերի ահռելի մասը թափուր է մնացել: Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը: Ի դեպ, անցյալ տարվա ընդունելության քննություններից հետո էլ պատկերը, բովանդակային առումով, նույնն էր: Պարզ ասած՝ ահռելի չափով թերհավաք է եղել կամ խոսակցականով՝ «նեդաբոռ»:

Հրապարակված պաշտոնական տվյալները շատերին առիթ տվեցին սոցցանցերում «մեծաբար» տրտնջալ «հիմիկվա ջահելներից», որ չեն ուզում սովորել ու նման բաներ: Ըստ որում, չեն ուզում սովորել, տվյալ դեպքում՝ բարձրագույն կրթություն ստանալ թե՛ անվճար, թե՛ առավել ևս՝ վճարովի: Բայց դա այս մեդալի միայն մեկ երեսն է:

Մյուս կողմից, սկզբունքորեն, ներկայիս Հայաստանում, նիկոլական իշխանության ձևավորած միջավայրում պատանիներն ու աղջիկները ինչո՞ւ պիտի բուհ-ական կրթություն ստանալու մղում, մոտիվացիա, ցանկություն ունենան:

Երեխաները շատ ավելի դիտողունակ են, քան նրանցից շատերի ծնողներն անգամ: Նրանք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը, մի բացահայտ իմաստակ ու իր նման իմաստակներ, ոմանք նույնիսկ առանց բուհական կրթության մասին հավաստող փաստաթղթի, ոմանք ինչ-որ դասընթացների սերտիֆիկատներ ունենալով միայն, գրավել են պետության ամենաբարձր պաշտոնները:

Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները, առիթ-անառիթ ծաղրում են բուհական կրթություն ունեցողներին, ձեռ են առնում կրթված լինելն առհասարակ, հայտարարում են, թե այս կամ այն գործով զբաղվելու համար անգամ լիարժեք միջնակարգ կրթություն ունենալու կարիք չկա: Նման միջավայրում, իշխանության ներկայացուցիչների կողմից նման հետադիմական վարքի ու քարոզչության պայմաններում էլ ի՞նչ պիտի լիներ, եթե ոչ՝ բուհական կրթություն ստանալու նկատմամբ հետաքրքրության անկում:

Դրա համար ենք նշում, որ գրանցված ակնհայտ փաստը, որ տարին տարվա վրա նվազում է թեկուզ անվճար հիմունքներով պետական բուհ ընդունվել ցանկացողների թիվը, փաշինյանական իշխանության հերթական խայտառակ «նվաճումն» է: Ասենք, դա միայն մենք չենք նշում:

Բայց անդրադառնանք իրողությունների, որոնք այլոք չեն նշում, մինչդեռ դրանք ավելի խորքային են: Այն, որ երիտասարդներին բուհական կրթությունը չի ձգում, մեղմ ասած՝ այնքան էլ այդպես չէ: Տեսեք, թե որքան շատ են, օրինակ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Սլավոնական համալսարան, Ֆրանսիական համալսարան ընդունվել ցանկացողները: Եվ դա այն դեպքում, որ նշված մասնավոր բուհերի ուսման վարձերը Հայաստանի պայմաններում ցածր չես համարի:

Իսկ ինչի՞ մասին է դա վկայում: Իսկ դա վկայում է, որ պետական բուհերը կամ բուհական համակարգը դուրս են մնում մրցակցությունից, նշանակում է, որ պետական բուհերի տված կրթության որակը սկսել է չբավարարել մարդկանց, և երիտասարդները կամ նրանց հուշող ծնողներն ընտրում են այլ ուսումնական հաստատություններ:

Տեսեք, Հայաստանում արդեն ամբողջ 5 տարի իշխանության է Նիկոլ Փաշինյանը: Ու 5 տարվա ընթացքում, որ ահռելի ժամանակահատված է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ի՞նչ է արել պետական բուհական համակարգում որակը, մրցունակությունը բարձրացնելու համար: Ոչի՛նչ:

Միակ բանը, ինչ Նիկոլ Փաշինյանը արել է բուհական համակարգի հետ, Երևանի պետական համալսարանը, այլ պետական բուհերը զավթելը, գրավելը, իրենով անելը, «քպ-ականացնելն» է: Այսինքն, իշխանությունը հիմնականում զբաղված է եղել պետական բուհերի ղեկավարությունը գրավելու, յուրայինների նշանակելու գործով: Ի՞նչ որակի կամ մրցունակության բարձրացման մասին կարող է այստեղ խոսք լինել,

եթե ԿԳՄՍ նախարարի ու նախարարության ամբողջ հոգսը այն է, թե ինչպես այլանդակեն ՀՀ զինանշանը, ինչպես փակեն «Գոյ» թատրոնը, ինչպես գրավեն Մատենադարանը, ԵՊՀ-ում կամ, ենթադրենք, Ագրարայինում յուրայիններից ում կարգեն ղեկավար և այդպես շարունակ:

Է՞լ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը բուհական համակարգի համար: Վա՜յ, քիչ էր մնում մոռանայինք: Նիկոլ Փաշինյանն անձամբ հանդես է եկել ակադեմիական, կներեք՝ «ակաՁեմիական» քաղաք ստեղծելու նյուվասյուկիական ծրագրով, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ ակնհայտ ցնդաբանությամբ:

Եվ այն, որ ընդունելության քննություններից հետո պարզվում է, որ պետական բուհերի համար նախատեսված տեղերը անվճար կարգով՝ հարյուրներով, իսկ վճարովիի դեպքում՝ հազարներով թափուր են մնացել, փաստում է դառը իրականությունը. ժամանակին ԵՊՀ-ից դուրս թռած Նիկոլ Փաշինյանը լիովին վրեժխնդիր է եղել թե՛ համալսարանից, թե՛ բուհական համակարգից, այն կազմաքանդելով: Հիմա էլ շենքերը կդատարկեն, կվաճառեն անհասկանալի սուբյեկտների, իսկ մյուսներին էլ կլցնեն «ակաՁեմիական» քաղաք, ինչ-որ մի անկյունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ