Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մեզանում հաճախ անպատասխան հարց է հնչում՝ այդ ինչպե՞ս է, որ համազգային աղետների խորապատկերին մեր ազգի մի խոշոր հատված անհաղորդ է դրանց, կամ ավելի պարզ ձևակերպմամբ՝ «ժանտախտի ժամանակ զբաղված է խրախճանքով»:
Խնդիրն, ըստ իս, շատ խորքային է և պայմանավորված է տասնամյակներ շարունակ տևած քարոզչական և քաղաքական տեխնոլոգիաների կիրառությամբ, որը կարելի է կոչել՝ որպես համակարգ ազգի լճացմանը, խարխլմանը կամ քայքայմանը միտված տեխնոլոգիական ազդեցություն, որը եղել է թե՛ ներսից, թե՛ դրաից։
Ինչպես ցանկացած համակարգ, ազգը ևս չի կարող դոփել իր տեղում։ Այն պետք է կա՛մ առաջընթաց ապրի ու զարգանա, կա՛մ լճանալով, մատնվի ապաստիճանման (դեգրադացիայի) և հետընթացի։
Հետևաբար, ազգային վերնախավերի խնդիրը պետք է լինի առաջինի ապահովումը, իսկ արտաքին թշնամիները և ներքին լյումպենները ձգտելու են երկրորդին։
Իզուր չէ, որ աշխարհի արդիական բանակները և հատուկ ծառայությունները ունեն հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղված են հոգեբանական և քարոզչական պատերազմների վարմամբ։
Ըստ այդմ, Հայաստանի և հայության ազգային վերնախավերը՝ քաղաքական, տնտեսական և մտավոր, ոչ թե պետք է միայն բողոքեն առկա իրավիճակից, այլ արձանագրելով այն, գործեն մեր խարխլված ազգ-համակարգը վերահավաքելու ուղղությամբ՝ ծանր ու ռեսուրսատար մի աշխատանք, որն անվերապահորեն պիտի խարսխված լինի միասնական նպատակների ու կամքի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը