Zham.am-ը գրում է.
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Անկարա կատարած վերջին այցից հետո գրեթե բոլոր արևմտյան վերլուծաբաններն արձանագրել են, որ Թուրքիան մեծ շրջադարձ է կատարում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նման դատողության համար հիմք են հանդիսանում մի քանի փաստեր։
Արձանագրվել է, որ Էրդողանը դրժել է Վլադիմիր Պուտինին տված խոստումը, և դեռ պատերազմի ավարտից առաջ 5 «ազովցիներին» հանձնել է ուկրաինացիներին։ Ավելին, Ուկրաինա վերադարձած «ազովցիներն» արդեն հայտարարել են, որ ակտիվորեն ներգրավվելու են պատերազմի մեջ։
Այս քայլով Էրդողանը լուրջ իմիջային հարված հասցրեց Վլադիմիր Պուտինին, մինչդեռ ժամանակին Պուտինի հակառակորդները քննադատում էին Թուրքիայի հետ այս գործարքը՝ նշելով, որ Էրդողանը կխաբի ռուսներին, ու այսօր դա հաստատվում է։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է «ազովցիներին» փոխանակել գործարար Վիկտոր Մեդվեդչուկի հետ։
Էրդողանի խոսքերը շատ կոշտ էին, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մտադիր չէ հուլիսի 17-ից հետո երկարաձգել այս գործարքը, ինչն իր հերթին նշանակում է, որ դրանից հետո ռուս-թուրքական հարաբերություններն էլ ավելի են սրվելու։
Այս ամենը ցույց է տալիս, թե որքան արժեն թուրքերի խոսքերը, մասնավորապես՝ Էրդողանի խոսքերն ու խոստումները։ Բայց եթե Էրդողանը չի վախենում «Պուտինին գցել», ապա ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չկարողանա «մատների վրա խաղացնել» իրեն։
Սակայն, եթե Պուտինին խաբելու գինը կարող է հավելյալ խնդիր ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար, ապա Հայաստանի համար ամեն ինչ կարող է ավարտվել նոր ցեղասպանությունով, որից հետո հայերն այլևս բարոյական իրավունք չեն ունենա աշխարհին մեղադրելու դրա համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը