Ջավախքից մի քանի կազմակերպություններ և անհատներ դիմել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու կոչով․
«Հարգելի՛ պատգամավորներ
Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատ գործիչներս, ուշի ուշով հետևելով Արցախի և ՀՀ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում և սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումների կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով:
Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները:
Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ և չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով ու անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ:
Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը և ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց:
Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին:
Հարգանքներով՝
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը