ArmLur.am-ը ադրբեջանցի դիվերսանտների՝ ՀՀ տարածք ներխուժման և Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած սահմանային բախման մասին զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծից: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ է սա իրենից ենթադրում:
-Դա չլինող բան է այս պահին, անհնար է զորքերի հայելային հետ քաշումը:
-Ինչու՞ է անհնար:
-Որովհետև դու գտնվում ես պատերազմական իրավիճակում, դրա համար էլ անհնար է, իսկ թե ի՞նչ հետևանքներ կլինեն, դրա մասին չեմ խոսում, ես գիտեմ, որ դա չլինող գործընթաց է, դրա համար չեմ էլ ուզում բացատրել՝ ինչը-ինչ է: Մեր և Ադրբեջանի միջև իրավիճակն այնպես է, որ անհեթեթություն է անգամ դրա մասին խոսելը:
-Պարո՛ն Հակոբյան, օրեր առաջ՝ ապրիլի 10-ին, ադրբեջանցի երկու դիվերսանտ ներթափանցել էին ՀՀ տարածք: Նրանցից մեկը հաջորդ օրը ձերբակալվել էր, իսկ մյուսը՝ շուրջ երեք օր շրջել էր Սիսիանի գյուղերում, և երեկ միայն նա հայտնաբերվեց, այն էլ ոչ թե իրավապահների , այլ՝ քաղաքացիների կողմից: Ի՞նչ գնահատական կտաք սրան, մեր անվտանգությունն այդքան ցածր մակարդակի՞ է և արդյո՞ք իրավապահներն անգործություն չեն ցուցաբերել:
-Իրավիճակին մանրամասն չեմ տիրապետում, բայց շատ վատ է, որ ներթափանցելուց հետո ոչ թե իրավապահներն են բռնում, այլ՝ քաղաքացիներ են հայտնաբերում, սա նշանակում է, որ որոնողական աշխատանքները վատ են կազմակերպված:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադառնալով Տեղ գյուղի սահմանային վերջին միջադեպին , հայտարարեց, որ ի հանձնարարականներըչեն կատարվել, թերացումներ են եղել: Ի՞նչ թերացումների մասին է խոսքը:
-Առանց թերություն հո չի՞ լինում: Արդեն ասել եմ, որ հնարավոր էր այդ միջադեպը կանխել:
-Հաշվի առնելով այդ միջադեպը՝ սահմանային նոր էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ եք:
-Նոր Էսկալացիայի վտանգ միշտ էլ կա:
-Իսկ Հայաստանն ունի՞ բավարար ռեսուրսներ՝ դիմակայելու համար:
-Չեմ կարող ասել, քանի որ իրավիաճակին չեմ տիրապետում:
-Պարո՛ն Հակոբյան, ի վերջո, Տեղ գյուղի սահմանային միջադեպը զինվորականների՞, թե՞ քաղաքական իշխանության մեղավորությունն է:
-Ամբողջ պետության :
-Կոնկրետ ո՞ւմ:
-Վերից վար, քննությունը կպարզի՝ ով է մեղավոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը