13 04 2023

Ադրբեջանցի զինվորը շրջում է Հայաստանում․ Էդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության․ Սերժ Սարգսյան



 

«Բայց ո՞վ է ասել` իրենք գնում են խաղաղության․ դա ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպես չէ: Խաղաղության այդպես չեն գնում: Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ գոնե այդքան ձախորդություններից հետո չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել Հայաստանի Հանրապետություն և մի քանի օր շրջել  Հայաստանում: Էդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության: Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, որ այդ փաստաթղթում եւս անտեսվելու է հայկական շահը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ իշխանությունը գնում է Ադրբեջանի հետ խաղաղության։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 12-ին խորհրդարանում ունեցած հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներով», ըստ էության, արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, ասաց․ «Ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչրեցրած հերյուրանքների մասին մտածելուց ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում էդ մարդը ինչի հետ ավելի շատ խնդիր ունի՝ բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության։ Որովհետև երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում է՝ խախտում է բոլոր նորմերը, ինչ ուզում՝ անում է։ Երբ ուզում է՝ պատերազմը խաղաղություն է համարում, պարտությունը՝ հաղթանակ։

Բայց բոլորդ էլ տեղյակ եք, որ մինչև 2018թ. բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։ 2018թ. հետո այս 5-ից 4-ն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ խնդիրը։ Միայն ՀՀ կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է։ Ամոթ է, էլի, վերջապես, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող գնան ու հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքան են կորցրել։ Եթե չեն հիշել, ասեմ, 100 անգամ ավելին, քան մենք ապրիլյան քառօրյայի ժամանակ կորցրել ենք անվտանգության գոտուց, 4 անգամից ավելի շատ զոհեր են ունեցել, քան ապրիլյան պատերազմի ժամանակ։ Էդ ա՞ խաղաղությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ