«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում, Վարչական դատարանից պահանջում է ընտրություններին մասնակցած «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկել՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Նշենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածը սահմանում է` քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
Իսկ քվեարկության եւ դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը