Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԽ-ից։
Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը:
Խոսելով Ադրբեջանի կողմից 2020թ.-ից ի վեր Եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի նկատմամբ հումանիտար, սոցիալ-տնտեսական, ռազմական, քաղաքական եւ հոգեբանական ճնշումների հետեւողական մեծացման մասին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին եւ հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետեւողական չլինել ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում:
«Հետեւաբար, մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները եւ կատարել անհրաժեշտ հետեւություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը:
Նիստում օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը