21 03 2023

Լաչինի շրջափակումը պետք է դադարեցվի․ ԵԽ պատգամավոր

Լաչինի շրջափակումը պետք է դադարեցվի․ ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։

«Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասել է ԵԽ պատգամավորը։

Նշենք, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։

Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։

Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով  փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող  հումանիտար աղետի մասին ահազանգերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ