Ալիևը նորից հոխորտացել է, որ եթե Հայաստանը ցանկանում է «խաղաղ» ապրել 29000ք.կմ տարածքի վրա, ապա պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ընդունի Ադրբեջանի պայմաններով սահմանազատումը և ստորագրի խաղաղության պայմանագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Պետք է ասել, որ տարօրինակ հոխորտանք է: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում արված քառակողմ հայտարարությամբ` հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, Նիկոլն ըստ էության գրեթե ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետագան ցույց տվեց, որ դա բավարար չէր և Ադրբեջանը փակելով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը ավելի մեծացրեց ճնշումը Հայաստանի վրա: Նիկոլը հանաձայնվեց, որպեսզի Ստեփանակերտը «բանակցի» Ադրբեջանի հետ` ինչ-որ անհասկանալի ու չհստակեցվող իրավունքների շուրջ: Ալիևին դա ևս չբավարարեց և Ադրբեջանը պաշտոնապես սկսեց ակտիվացնել այսպես կոչվող «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Հայաստանի» թեման, իսկ Արցախի հարցում գործի դրեց «ինտեգրացիա» տերմինը: Բացի այդ, երկու օր առաջ արված հայտարարությամբ պարզվեց նաև, որ Ադրբեջանն ունի Հայաստանի հետ սահմանազատման իր պայմանները:
Նիկոլը քայլ առ քայլ համաձայնվում է Ալիևի բոլոր պայմաններին, բայց միևնույն է դա չի գոհացնում Ադրբեջանին: Ինչ որ նոր գործընթացներ կան, որոնք Ալիևի մոտ մտավախություններ են առաջ բերել և վերջինս անցել է տարօրինակ հոխորտանքների` պահանջելով Նիկոլից Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, սահմանազատման իրենց պայմաններով հանձնել Հայաստանի որոշ տարածքներ, վերականգնել ադրբեջանցիների վերադարձն ու իրավունքները Հայաստանի տարբեր տարածքներում: Գուցե առաջիկայում այլ պահանջներ ևս ի հայտ գան: Հատկանշական է նաև այն, որ Բաքվի բռնապետը կրկին խոսել է Հայաստանում ոտքի կանգնող «ռևանշիստական» ուժերի մասին` փարատելով Ադրբեջանցիների երևացող վախերը:
Դատելով տարածաշրջանում եփվող իրավիճակից` ներքին և արտաքին տարբեր պատճառներով Ադրբեջանն իրականում վախենում է նոր պատերազմի սանձազերծումից: Որովհետև դրա հետևանքները կարողվեն չափազանց անկանխատեսելի լինել: Սակայն ինչ-որ արտաքին ուժեր կարծես ստիպում են Ալիևին նետվել նոր ռեգիոնալ պատերազմի հորձանուտ, որտեղ Ադրբեջանը ևս գլոբալ խաղի զոհ դառնալու մեծ հավանականություն ունի: Այլապես ի՞նչ իմաստ ունի կրկին շանտաժով վախեցնել ազգակործան Նիկոլին, ով իր հայտարարություններով արդեն իսկ ընդունել է Իլհամի և թրքամետ ուժերի թելադրած խաղի կանոնները` հատկապես Արցախի հարցում:
Պատահական չէր ասում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բանակցողին փոխել է պետք: Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում, հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել և չի կարելի կորցնել ևս մեկ պատեհ հնարավորություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը