Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան, խոսելով Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի՝ արդեն տևական ժամանակ ներխուժման մասին, ասել է՝ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։
Թեև Հայաստանի տարածքի օկուպացիան դադարեցնելու՝ ԵՄ երկրների կոչերը կարևոր են, սակայն, զարմանալիորեն, այդ կոչերը վերաբերում են սեպտեմբերյան ագրեսիային։ Վերադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 12-ին ունեցած դիրքերին, Ադրբեջանը, միևնույն է, Հայաստանի տարածքում է այդպիսով մնալու, քանի որ դրանից առաջ 2021 թվականի մայիսի 12-ին, դարձյալ ներխուժել էր և, տարբեր հաշվարկներով, ավելի քան 40 քառակուսի կիլոմետր խորացել Սյունիքում և Գեղարքունիքում։
«Ադրբեջանն արդեն մարսե՞լ է 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժումը, քանի որ տարբեր ուղերձներում խոսվում է միայն 2022 թվականի սեպտեմբերյան ներխուժման մասին։ Հայաստանի դիվանագիտական ո՞ր թերացումների պատճառով 2021 թվականի ներխուժումները Սյունիքում ու Գեղարքունիքում դարձան ընդունելի «միջազգային հանրության» համար»։ Այս մասին Yerevan.Today-ը հարց ուղղեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանին։
Արմեն Աշոտյանի պատասխանը՝ ստորև․
«Բազմիցս ասել եմ, որ աշխարհը մեզ վերաբերվում է, մեզ հետ վարվում է այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս։ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության տարբեր դրսևորումները կախված են նրանից, որ մեզ շարունակում է ներկայացնել մարդ, ով բերել է այդ պատերազմը, բերել է այդ պարտությունը և ով նոյեմբերի 9-ից հետո, հղում անելով ժողովրդից ստացած մանդատի վրա, շարունակում է հայ ժողովրդի անարգանքի սիմվոլը մնալ։
Իհարկե՝ Նիդերլանդների ԱԳ նախարարի հայտաարությունը այդ համատեքստում չեմ դիտարկում, բայց ավելի լայն պատկեր եմ առաջարկում դիտարկել։
Դուք շեշտում եք միայն մայիսի 12-ի ներխուժումը․ բայց հիշեցնեմ, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին ևս մեկ ներխուժում է եղել։ Շաղկապելով այս տվյալներն իմ առաջին մտքի հետ, փաստենք, որ 2021 թվականի ներխուժումների հետ կապված Նիկոլ Փաշինյանը առաջին դեպքում ասում էր՝ Սև լճի 30 տոկոսի համար հո կռիվ չե՞նք տալու, իր թիմակից բարձրաստիճան պաշտոնյաներն ասում էին՝ ամայի տարածքներ են, ամայի տարածքների համար կռիվ չենք տալու։ Եվ այո, մայիսի 12-ի խնդիրը չբարձրաձայնվեց Հայաստանի իշխանությունների կողմից, ինչպես նաև հետո մոռացության տրվեց նույն թվականի նոյեմբերին Ադրբեջանի ագրեսիան։
Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի հետ կապված իշխանությունը մի քիչ ավելի բարձրաձայն ներկայացրեց աշխարհին՝ ելնելով իր իսկ շահերից, որովհետև այպես կոչված՝ «խաղաղության գործընթացում» հերթական կոպտագույն սխալները և դավաճանությանը հավասարված բանակցային հիմարությունները պետք էր սրբագրել։ Այդ սրբագրման համար միջազգային հանրությունը ամենահարմար վայրն է՝ ուղղելու Նիկոլ Փաշինյնաի ուղերձները։
Այնպես որ, Հայաստանի իշխանությունը ներել է Ադրբեջանին նաև 44-օրյա պատերազմը։ Հայաստանն ուներ բոլոր հիմքերը միջազգային բոլոր հնարավորությունները (հիշեցնեմ՝ դա մինչև ուկրաինական պատերազմն էր) դիմել միջազգային ատյաններին՝ հետաքննելու 44-օրյա պատերազմը, հայտնաբերելու ագրեսորին և պատժելու։
Այս համատեքստում Ալիևի պահվածքն է շատ դիտարժան։ Անմիջապես պատերազմի ժամանակ, պատերազմից հետո նա խուսափում էր ասել, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, թեպետ բոլորը դա շատ լավ գիտեին։ Մշտապես խոսում էր, թե Հայաստանը փորձել է հարձակվել, իրենք անցել են լայնամասշտաբ կոնտր հարձակման։
Եթե հետևել եք Ալիևի խոսույթին երեկ Բաքվի գլոբալ ֆորումին, մյունխենյան կոնֆերանսում, Ալիևը բաց տեքստով է ասում, որ Ադրբեջանն է սկսել 44-օրյա պատերազմը։ ԻՆչո՞ւ։ Որովհետև Հայաստանը բաց թողեց ագրեսորին պատժելու շանսը, և Ալիևն արդեն հպարտանում է իր ռազմական հացագործություններով։
Կրկնեմ հիմնական միտքս․ մեզ հետ վարվում են այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս։ Իսկ քանի դեռ Հայաստանի վարչապետը նիկոլ Փաշինյանն է, աշխարհին թվում է, որ մեզ հետ կարող է անել ամեն ինչ։ Կյանքը ցույց է տալիս, որ այս պարագայում իրենք այդքան էլ հեռու չեն ճշմարտությունից։
Ավաղ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը