08 03 2023

Իսրայելը հսկայական քանակությամբ ժամանակակից զենքեր է մատակարարել Ադրբեջանին․ Հարութ Սասունյան

Իսրայելը հսկայական քանակությամբ ժամանակակից զենքեր է մատակարարել Ադրբեջանին․ Հարութ Սասունյան

Իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթը մարտի 5-ին ապշեցուցիչ հոդված է հրապարակել՝ «Իսրայելական բազայից 92 թռիչքները բացահայտում են զենքի արտահանումն Ադրբեջան» վերնագրով։

Հոդվածում նշվում է, որ մարտի 2-ին ադրբեջանական Silk Way Airlines-ի բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Օվդա ռազմական օդանավակայանում, իսկ երկու ժամ անց Թուրքիայի և Վրաստանի Հանրապետության տարածքով վերադարձել Բաքու։ Վերջին յոթ տարիների ընթացքում սա 92-րդ բեռնատար թռիչքն է Բաքվից դեպի Օվդա՝ Իսրայելի միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ նյութերի արտահանումը։ Այս ռազմական մատակարարումները զգալիորեն ավելացել են 2016, 2020, 2021 և 2022 թվականներին Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրել է Իսրայելի գաղտնի հարաբերություններն Ադրբեջանի հետ արպես սառցաբեկոր, որի ինը տասներորդ մասը գտնվում է մակերևույթից ցածր:

Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի սպառազինության գրեթե 70 տոկոսը և դրա դիմաց ստանում ներկրվող նավթի մոտ կեսը։ «Հաարեցը» մեջբերում է արտասահմանյան լրատվամիջոցների աղբյուրները, որոնք բացահայտել են, որ «Ադրբեջանը թույլ է տվել Մոսադին [Իսրայելի հետախուզական գործակալություն] ստեղծել առաջնային մասնաճյուղ [Ադրբեջանում]՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Ադրբեջանի հարավում գտնվող հարևան Իրանում և նույնիսկ նախապատրաստել է օդանավակայան, որը  նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Երկու տարի առաջվա հաղորդագրություններում ասվում էր, որ Մոսադի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն մաքսանենգ ճանապարհով Իսրայել են տեղափոխել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայելը նրան վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգերը՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և այլն»:

«Հաարեցը» բացահայտել է, որ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը «շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և [Իսրայելի] Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի միջև՝ Boeing 747 բեռնատար ինքնաթիռներով»։ Բացի այդ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ շրջանցել են Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը՝ դրանք առաքելով Իսրայելով։
Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումը  հնարավորություն է ստեղծել Իսրայելի համար՝ միլիարդավոր դոլարներ վաստակել Ադրբեջանին զենք վաճառելով։

«Հաարեցը» հաղորդում է, որ «Իսրայելը դեպի երկիր [Ադրբեջան] է արտահանել սպառազինությունների շատ լայն տեսականի՝ սկսած Tavor ավտոմատներից մինչև ամենաբարդ համակարգերը, ինչպիսիք են ռադարը, հակաօդային պաշտպանությունը, հակատանկային հրթիռները, բալիստիկ հրթիռները, նավերը և անօդաչուների լայն տեսականին, ինչպես հետախուզական, այնպես էլ հարձակման նպատակով: Իսրայելական ընկերությունները նաև մատակարարել են առաջադեմ լրտեսական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Verint-ի հաղորդակցության մոնիտորինգի համակարգերը և NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրերը, գործիքներ, որոնք օգտագործվել են Ադրբեջանում լրագրողների, ԼԳԲՏ համայնքի և իրավապաշտպանների դեմ:

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտը գրել է. «Իսրայելի զենքի արտահանումն Ադրբեջան սկսվել է 2005 թվականին՝ Իսրայելի ռազմական արդյունաբերության (IMI Systems) կողմից Lynx բազմակի հրթիռային համակարգերի վաճառքով, որի հեռահարությունը 150 կիլոմետր է: IMI-ը, որը 2018 թվականին ձեռք է բերել Elbit Systems-ը, նաև մատակարարել է LAR-160 թեթև հրետանային հրթիռներ՝ 45 կիլոմետր հեռահարությամբ, որոնք, ըստ Human Rights Watch-ի զեկույցի, Ադրբեջանն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում արգելված կասետային զինամթերք կրակելու համար», թեև Իսրայելին և 123 այլ երկրների արգելված է կասետային ռումբերի օգտագործումը։

«Հաարեցը» հաղորդում է, որ «2007 թ. Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Aeronautics Defense Systems-ից չորս հետախուզական անօդաչու թռչող սարք գնելու մասին: Դա բազմաթիվ  գործարքներից առաջինն էր: 2008 թվականին նա գնել է տասը Hermes 450 անօդաչու թռչող սարք Elbit Systems-ից և 100 Spike հակատանկային հրթիռներ, որոնք արտադրվել են Rafael Advanced Defense Systems-ի կողմից, իսկ 2010 թ. գնել է ևս 10 հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Elbit-ին պատկանող Soltam Systems-ը նրան վաճառել է ATMOS ինքնագնաց հրանոթներ և 120 միլիմետրանոց Cardom ականանետեր, իսկ 2017 թվականին Ադրբեջանի զինանոցը համալրվել է ավելի առաջադեմ Hanit ականանետներով։ Wikileaks-ում գաղտնազերծված հեռագրի համաձայն՝ առաջադեմ կապի սարքավորումների վաճառքը Tadiran-ից նույնպես ստորագրվել է 2008 թվականին»։

Ըստ «Հաարեցի»՝ «2011 թվականին Իսրայելն ու Ադրբեջանն ամրապնդել են իրենց հարաբերությունները 1.6 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական գործարքով, որը ներառում էր Barak հրթիռների մարտկոց՝ ինքնաթիռներ և հրթիռներ որսալու համար, ինչպես նաև Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության (IAI) արտադրած Searcher և Heron անօդաչու թռչող սարքերը: Հաղորդվել է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտին մոտ Barak մարտկոցը խոցել է Հայաստանի կողմից արձակված «Իսկանդեր» բալիստիկ հրթիռը։ Բացի այդ, Aeronautics Defense Systems-ն սկսեց համագործակցել նաև Ադրբեջանի տեղական սպառազինության արդյունաբերության հետ, որտեղ արտադրվել են Orbiter կամիկաձե (թափառող զինամթերք) 100 անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարն անվանել էր «մղձավանջ հայկական բանակի համար»:

2021 թվականին «[Իսրայելի] Aeronautics Defense Systems-ի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ իր ամենահայտնի հաճախորդներից մեկի հետ առնչվելիս զենքի արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար: Դատարանի կողմից կիրառված արգելքի որոշումը խոչընդոտում է հավելյալ մանրամասների հրապարակումը։ Ադրբեջանական բանակի տանկերի արդիականացման նախագիծը սկսվել է 2010-ականների սկզբին։ Elbit Systems-ը արդիականացրել և համալրել է հին խորհրդային T-72 մոդելները նոր պաշտպանիչ հանդերձանքով՝ տանկերի և նրանց անձնակազմի գոյատևման համար, ինչպես նաև արագ և ճշգրիտ թիրախների հայտնաբերման ու կրակի կառավարման համակարգերով: Արդիականացված տանկերը, որոնք հայտնի են «Ասլան» (Առյուծ) անունով, նկարահանվել են 2013 թվականի ռազմական շքերթի ժամանակ: 2013 թվականին Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրվել են վեց պարեկային նավերով՝ Իսրայելի ռազմածովային ուժերի Sa'ar 4.5 դասի հրթիռային նավերի հիման վրա, որոնք արտադրվել են Իսրայելի նավաշինական գործարանների կողմից և կրում են Spike հրթիռների ռազմածովային տարբերակը, ինչպես նաև վեց Shaldag MK V պարեկային նավեր՝ Rafael's Typhoon-ի հրետանային ամրակներով և Spike հրթիռային համակարգերով: Ադրբեջանի ռազմածովային ուժերը նաև գնել են 100 «Լահաթ» հակատանկային կառավարվող հրթիռներ»։

2014 թվականին «Ադրբեջանը IAI-ից պատվիրեց առաջին 100 Harop կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք կարևոր գործիք էին հետագա մարտերում: Նույն տարի Ադրբեջանը նաև օդային նախազգուշացման և պաշտպանության երկու առաջադեմ ռադիոտեղորոշիչ համակարգեր ձեռք բերեց IAI դուստր ձեռնարկությունից… Երկու տարի անց Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է ևս 250 SkyStriker կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Մարտական շրջաններից բազմաթիվ տեսանյութեր ցույց են տվել, թե ինչպես են իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակվում հայկական ուժերի վրա… 2016 թվականին վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցի ժամանակ Ալիևը բացահայտեց, որ երկու երկրների միջև արդեն կնքվել են պայմանագրեր մոտ 5 միլիարդ դոլարի «պաշտպանական սարքավորումներ» գնելու համար։ 2017 թվականին Ադրբեջանը Elbit Systems-ից և Hermes 900 առաջադեմ անօդաչու սարքեր և LORA բալիստիկ հրթիռներ է գնել IAI-ից՝ 430 կիլոմետր հեռահարությամբ։ 2018 թվականին Ալիևը հանդիսավոր բացել է բազան, որտեղ տեղակայված են LORA հրթիռները՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 430 կմ հեռավորության վրա։ 2020 թվականի պատերազմի ժամանակ առնվազն մեկ LORA հրթիռ է արձակվել, և ըստ տեղեկությունների՝ այն հարվածել է մի կամրջի, որով Հայաստանը զենք և տեխնիկա էր մատակարարում Լեռնային Ղարաբաղում գտնվող իր ուժերին։ Ավելի առաջադեմ Spike հրթիռներ ուղարկվել են 2019 և 2020 թվականներին»։

Սոսկալի է, որ Հոլոքոստի ժառանգները նման զանգվածային մահացու զենք են մատակարարում Ադրբեջանին՝ Հայոց ցեղասպանության ժառանգներին սպանելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ