06 03 2023

Ադրբեջանն այս քայլով սպառնում է Հայաստանին. կա՛մ նոր պատերազմ, կա՛մ Լաչինի միջանցքը պետք է վերահսկի Բաքուն



zham.am-ը գրում է․

Մարտի 5-ի ադրբեջանցիների հարձակումը հայկական կողմի վրա ապացուցում է մեկ բան: Դիվանագիտական հարթակներում հաղթանակ տանելով Նիկոլ Փաշինյանի հանդեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է այն կապիտալիզացնել նաև, այսպես ասած, «գետնի» վրա:

Փակ պահելով Լաչինի միջանցքը, նա հասկացնում է Հայաստանին և արցախցիներին, որ պետք է հաշվի նստել Ադրբեջանի շահերի հետ, մանավանդ, որ Փաշինյանն արդեն համաձայնվել է դիտարկել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Ավելին, Փաշինյանը նույնիսկ չի առարկել Ալիևի այն պնդմանը, որ Արցախը չպիտի ունենա որևէ ինքնավար կարգավիճակ Ադրբեջանում: Այս ամենից հետո Ալիևին մնում էր իր այդ դիվանագիտական հաղթանակը կյանքի կոչել: Մանավանդ որ հայ հանրությունը հասկացավ, որ Լաչինի միջանցքը չեն կարող բացել ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Արևմուտքը:

Արևմուտքում հույս ունեին, որ Ալիևը կընդառաջեր իրենց և իրենց քաղաքական ինստիտուտների որոշումներից հետո գոնե կթուլացներ Լաչինի ճանապարհի շրջափակումը: Դրանով հայ հանրությունն իր համար կարձանագրեր, որ Լաչինի խնդիրը կարող են լուծել, ոչ թե ռուսները, այլ Արևմուտքը: Ավելին, դրանից հետո, ըստ արևմտյան շրջանակների, կամրապնդվեին Փաշինյանի դիրքերը Հայաստանում և ռուսներին տարածաշրջանից հեռացնելու հարցը, ավելի հեշտ կլուծվեր, որից առաջին հերթին կշահեին Թուրքիան և Ադրբեջանը:

Սակայն Ալիևն այս հարցում գերադասում է ավելի կոշտ խաղի կանոններով հանդես գալ: Նա չի ուզում իր դիվանագիտական «ձվերը» դնել միայն մեկ աշխարհաքաղաքական զամբյուղի մեջ:

Քանզի կոնի վրա է դրվել, իր կարծիքով, ոչ միայն և ոչ այնքան Արցախի, այլ նաև Հայաստանի ապագան:

Մանավանդ, որ ռազմավարական հարցում, Արցախի կարգավիճակի մասով, նա ջախջախել է Փաշինյանին, գրեթե բոլոր դիվանագիտական հարթակներում:

Ավելին, նա թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի հետ վարում է մաքոքային բանակցություններ, «ավելին-ավելինի» դիմաց պահանջելու հայտնի սկզբունքով:

Փաշինյանի քաղաքական մանկամսուրային պահվածքի հետ համեմատած, Ալիևը, թե՛ Մոսկվայում, և թե՛ Վաշինգտոնում արդեն ընկալվում է տարածաշրջանի ամենաազդեցիկ գործիչը, և որի հետ պետք է առաջին հերթին հաշվի նստել:

Այս պարագայում, Ալիևին մնում է միայն իր ուժային «մկանները» ցույց տալ, որպեսզի Փաշինյանի դիվանագիտական ջախջախումն իր վերջնաավարտն արձանագրի:

Հենց դրա համար էլ պետք էին այս սադրանքները, որպեսզի Բաքուն դիվանագիտական խողովակներով Մոսկվային և Արևմուտքին կրկին սպառնա նոր պատերազմով, եթե հայկական կողմը չհամաձայնվի «գետնի» վրա վերախմբագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, թե՛ Լաչինի միչանցքի, և թե՛ Արցախի ապագայի մասով:

Սա է իրականությունը:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ