2023թ․ մարտի 2-ին Բեռլինում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Հանդիպմանը հաջորդեց մամուլի ասուլիս, որտեղ կարևոր դիրքորոշում հայտնեց կանցլեր Շոլցը, սակայն հետագայում պարզվեց, որ տեսանյութն ու պաշտոնական հաղորդագրությունները, խմբագրվել են և տարբերվում են։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, խոսելով Արցախում ստեղծված իրավիճակից, երկու անգամ ընդգծեց ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի կարևորությունը, հավասարություն դնելով ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին սկզբունքների միջև, ինչը արձանագրված է տեսագրությունում։ Սակայն մամլո ասուլիսի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում կան առարկայական տարբերություններ։
Մասնավորապես, ՀՀ կառավարության հրապարակած տեքստում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի հայտարարության այդ հատվածը ներկայացված է այսպես․ «․․․Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»:
Հայաստանում ԳԴՀ դեսպանատան հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ Կանցլերի խոսքը ևս նույնաբովանդակ է․ «Մեր տեսանկյունից խնդիրն այժմ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելն է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Բոլոր այս ասպեկտները հավասարապես կարևոր են։ Հետևաբար Գերմանիան հաստատապես աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»։
Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, էականորեն տարբերվում է ՀՀ կառավարության, ԳԴՀ դեսպանատան հաորդագրություններից և նշվում է՝ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի «Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:
Շեշտենք, որ հաղորդագրությունների այս տարբերությունը բոլորովին էլ մանր վրիպակ չէ․ Ստացվում է, որ սա Արցախյան հարցի լուծման՝ Գերմանիայի պաշտոնական տեսակետն է, որտեղ ինքնորոշման վերաբերյալ տողը անկյունաքարային է և որը չկա։ Ընդ որում, Գերմանիայի կանցլերը շեշտել էր, որ ինքնորոշման իրավունքը հավասարազոր է տարածքային ամբողջականությանը։ Եվ խիստ տարօրինակ է, որ Գերմանիայի դեսպանատան էջում պահպանվում է կանցլերի՝ տեսանյութում հնչեցրած տեսակետը, իսկ կառավարության կայքում՝ ոչ։
Ի՞նչ պատճառով տեղ չի գտել Արցախի «ինքնորոշման իրավունք» ձևակերպումը ԳԴՀ կառավարության հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ, ինչու է Հայաստանի և Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հրապարակած պաշտոնական հաղորդագրությունը և տեսանութը տարբերվում ԳԴՀ կառավարության հաղորդագրությունից։ Ի՞նչ պատճառով է Գերմանիայի կառավարության տեքստից բացակայում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ձևակերպումը։ Եվ՝ ո՞րն է, ի վերջո ԳԴՀ պաշտոնական տեսակետը։
Yerevan.Today-ը հարցում է ուղարկել Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը