Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մարտի 1-ն է․ այս օրը էդպես էլ չթողեցին գարնան առաջին օրը լինի, ու ինչպես արդեն 15 տարի է, այսօր էլ շահարկման շուներ կլինեն, վստահ եմ։ Այդ շոուները միշտ արել են թեմայի շահառու ընդդիմադիր գործիչները, վերջին 5 տարին՝ իշխանական գործիչները։
Մարտի 1-ից հանրությանը հետաքրքրում է /եթե դեռ հետաքրքրում է, էսքանից հետո/ մեկ բան՝ սպանությունների բացահայտումը։ Մարտի 1-ի բացահայտում ասելով նկատի ունենք սա, որովհետև մյուս բաները բացահայտվել են։ Այս իշխանությունը եկած-չեկած՝ հայտարարել է, թե՝ մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտված է, բայց 5 տարի անց ոչ մի սպանություն բացահայտված չէ։ Խաբել են, էմոցիաներ գողացել, եկել իշխանության, հիմա վայելում են։
Սաղ կյանքները մարտի 1-ի զոհերի նկարները ֆլաժոկ սարքած, եկած-չեկած՝ էլ սպանություններ, էլ զոհեր, մահեր։ Իրենց օրոք 1500 անգամ ավելի շատ են եղել մահերը, քան մարտի 1-ին։
Այդ սպանությունների, մահերի մի մասը հաշվելի է, մի մասը՝ անհաշվելի։
Կորոնավիրուսի վատ կառավարման, ձեռք առնելու, իշխանության անտարբերության ու անպատասխանատվության արդյունքում ունեցանք շուրջ 10 հազար մահ։ Ինչպես իրենք էին ասում՝ իշխանությունն է մեղավոր, հիմա ես եմ ասում, այո՛, իշխանությունն է մեղավոր։
Խախանդ տեղներս, սադրած պատերազմի արդյունքում ունեցանք 5 հազար զոհ, որից հետո ցավակցելու, ափսոսալու, ներողություն խնդրելու, պատժվելու ու հեռանալու փոխարեն Փաշինյանը հայտարարեց՝ կարող էինք այս ամենը անել առանց զոհերի, ուղղակի ինձ կասեին դավաճան։ 5 հազար զոհ եղավ, որ դավաճան չասեն։ Քննարկելու բան էլ չկա, մարդը ինքնախոստովանական ցուցմունքը տվել է։
Սեպտեմբերյան բախումներ Հայաստանի տարածքում և արդյունքում՝ 224 զոհ։
15 զինվոր զոհվեց միայն մեկ պատճառով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրանց չէր ապահովել նորմալ զինվորական զորանոցով։ Զինվորը մոխիր դարձավ, որովհետև պետություն կառավարողները տարրական պայմաններ չէին ապահովել, բայց դրանից առաջ պաշտպանության նախարար կոչվածը անհասկանալի փողերով կես միլիոն դոլարանոց տուն է գնում։
Եթե այս դեպքերին ավելացնենք, թե պատերազմի զոհերի քանի ծնող, հարազատ վշտին չդիմանալով մահացավ, ինքնասպան եղավ կամ խելագարվեց, եթե հիշենք, թե ինչպես վարչապետի ավտոշարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին ու նրա չծնված երեխային, եթե հիշենք դատարանում ընդդիմադիր գործչի մահը, քաղաքական ենթատեքստերով տասնյակ անհասկանալի մահերը, ստացվում է, որ այս իշխանությունը ուղղակի մահաբեր է։
Ու պետք է իշխանություն կոչված այս մարդիկ խոսեն մարտի 1-ից ու զոհերի՞ց, էլ չեմ ասում մեղադրեն այլո՞ց։
Սրանց ամեն քայլը մահ է, սրանց գործողությունների, ինչպես նաև հանցավոր անգործության արդյունքում մենք վերջին 5 տարվա օրերի վրա բաժանած՝ ունեցել ենք ամենօրյա կտրվածքով 11 մահ։ Ամեն օր մեր երկրում 11 հոգի մահանում է զուտ այն պատճառով, որ ունենք այս որակի իշխանություն։
Ու այսքանից հետո ի՞նչ եք կարծում, ովքե՞ր էին մարտի 1-ի 10 զոհերի հեղինակները։ Ինձ համար, պատասխանը ակնհայտ է։
Լուսանկարում այս իշխանության գործունեության գլխավոր փաստն է՝ եռապատկված Եռաբլուրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը