28 02 2023

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպմանը մասնակցել է Արայիկ Հարությունյանը. NEWS.am

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպմանը մասնակցել է Արայիկ Հարությունյանը. NEWS.am

NEWS.am-ը գրում է․

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների՝ փետրվարի 24–ին կայացած հանդիպումից 5 օր անց պաշտոնապես չի տեղեկացվում, թե ովքեր են այդ հանդիպմանը մասնակցել՝ որպես Արցախի ներկայացուցիչներ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախից հանդիպմանը մասնակցել է 3 պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ և Անվտանգության խորհրդի մեկական ներկայացուցիչներ։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։

«Բանակցողների անուններն առ այս պահը չի հրապարակվել ու դեռ չի հրապարակվելու»,– ընդգծեց նա։

Լուսինե Ավանեսյանը տեղեկություն չուներ, թե քանի անձ է Արցախից բանակցություններին մասնակցել։

Հիշեցնենք, որ մինչեւ հունվարի 7–ը պաշտոնից ազատվելը՝  նման հանդիպումներին Արցախից մասնակցում էր Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Լաչինի միջանցքը փակվելուց հետո սա Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն էր. առաջինը տեղի էր ունեցել հունվարի 15–ին՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով, սակայն Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որեւէ առաջընթաց չէր արձանագրվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանն էլ Արցախից մասնակցել էր նախագահ Արայիկ Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ