21 02 2023

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության նախկին վարչապետ և Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին 2020 թ․ արցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգությունները հայտնեց Ադրբեջանի կողմից տարվող ծավալապաշտական քաղաքականության, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծած հումանիտար աղետի, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ բռնազավթումների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և գերիների վերադարձման խնդիրների առնչությամբ։ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։

Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարաշաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, մեր ժողովրդի ամուր կամքով ու հավատքով։

Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց պրն․ Էդուարդ Ֆիլիպի և իր գլխավորած պատվիրակության անդամների ներդրած ջանքերն ի խնդիր արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության։

Իր հերթին նախկին վարչապետն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Պրն․ Էդուարդ Ֆիլիպն անդրադարձավ նաև Եվրոպայի և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդներում Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։ Էդուարդ Ֆիլիպը հավաստիացրեց, որ Ֆրանսիան պիտի շարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ