17 02 2023

Հենց արևմտյան երկրներն են խափանել հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը. Մարիա Զախարովա

Հենց արևմտյան երկրներն են խափանել հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը. Մարիա Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի հայտարարությունն առ այն, որ Մոսկվան խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները նախորդ տարվա փետրվարին մտացածին պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ: Սա է փաստը: Հաշվի առնելով այդ փաստը՝ Ռուսաստանը կենտրոնացել է եռակողմ ձևաչափով Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ուղղությամբ՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա», - ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը:

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է այս հարցում աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին:

«Օրերս կայացել են օգտակար այցեր, շփումներ, Երևանում և Բաքվում է եղել հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց հետաքրքրվածությունը մեր երկրի միջնորդության հարցում: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայունությունը՝ չեմ ներկայացնի խորհրդատվության մանրամասները, բայց կարող եմ ևս մեկ անգամ վերահասատել մեր պատրաստակությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն այս հարցի շուրջ», - ասել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ