Aravot.am-ը գրում է.
«Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 12-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Ավետիսյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 27-ին 19.20-ի սահմաններում գտնվելով Գեղարքունիքի մարզի «Կարմիրի» դիրքեր կոչվող վայրում, գումարային հարցերի շուրջ զանգահարել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանին (լուսանկարում)։ Հեռախոսազրույցի ժամանակ, ըստ հաղորդման, Փարվանյանն իրեն հայհոյել և սպառնացել է, որ կսպանի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Մեզ հայտնի դարձավ, որ Ավետիսյանը զինվորական է, վերջին տարիներին ընտանիքով բնակվում է Երեւանում: Էդգար Փարվանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանաչում է նշված անձին, սակայն նրա հետ գումարային հարցեր չունի. «Իհարկե, ճանաչում եմ, բայց ձեր կողմից հիշատակված նման դեպքեր, արտահայտություններ չեն եղել: Արսենն այնքան բաներ է գրում, էնքան սուտ բաներ է ասում: Արսենն ավելի վատ բաներ է ասել: Գումարային հարցեր չկան, նման բան չկա, մենք իրար հետ պարտք ու պահանջ չունենք»: Հիշեցնենք, որ Էդգար Փարվանյանին է վերագրվում նաեւ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 1 հեկտար արոտավայրի վրա ապօրինի արևային կայան կառուցելը, նախկին «Գորգ-Ֆաբրիկայի» շենքի յուրացումը եւ այլն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը