31 01 2023

Հակառակորդ կողմերը շատ լավ գիտեն, որ Իրանը հանուն իր շահի ոչնչի առաջ կանգ չի առնի. Ահարոն Վարդանյան

Հակառակորդ կողմերը շատ լավ գիտեն, որ Իրանը հանուն իր շահի ոչնչի առաջ կանգ չի առնի. Ահարոն Վարդանյան

Լայնածավալ պատերազմ չի սկսվի, քանի որ առաջինը հենց Իրանը չի ցանկանում ներքաշվել նմանատիպ գործողությունների մեջ: Այս մասին Yerevan Today-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Իրանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ինչքան էլ փորձեն Իրանին սադրեն, Իրանը փորձելու է սառեցնել խնդիրը և այլ կերպ պատասխանել, իսկ դրա համար Իրանը Մերձավոր արևելքում ունի իր ենթակայության տակ գտնվող ուժեր, որոնց միջոցով կարող է պատասխանել, բացի այդ մնացյալ կողմերն էլ գիտեն, թե ինչ է նշանակում Իրանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնել»,-ասաց նա:

Հարցին, թե հատկապես որ երկրներն են շահագրգռված, որ Իրանում սրացումներ սկսվեն, Վարդանյանը պատասխանեց.

«Այդ հարցում արևմուտքն է շահագրգռված, Եվրոպան, ԱՄՆ, Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան,  բայց նրանք շատ լավ հասկանում են, թե լուրջ պատերազմի դեպքում իրենց ինչ վտանգներ են հասնելու: Մի անգամ Իրանի «Հեղափոխության պահապանների» գեներալներից մեկը հայտարարեց, որ իհարկե, Իսրայելը կարող է ռմբակոծել իրանական քաղաքները, բայց եթե այդ կործանիչները հետ վերադառնան Իսրայել, ապա վայրէջքի հնարավորություն չեն ունենա, քանի որ Իրանը հողին կհավասարեցնի իսրայելական քաղաքները, այսինքն սա նշանակում է, որ եթե Իրանին հարվածներ հասցնեն, Իրանը նույն պատասխանը տալու է: Սա մենք տեսանք, որ երբ տ Ղասեմ Սոլեյմանիին սպանեցին, Իրանը ռմբակոծեց ԱՄՆ ռազմաբազաները, այսինքն Իրանը ոչ միայն խոսքով, այլև գործով պատրաստ է ամեն քայլի իր երկրի կենսական շահերը պաշտպանելու համար»:

Իրանագետի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում փոխվեց ուժերի բալանսը, եթե նախկինում կար որոշակի ստատուս քվո, ապա յադ օրվանից հետո ամեն ինչ քանդվեց, և հետևեցին տարբեր իրադարձությկուններ:

«Բացի այդ հիմա ընթանում է նոր աշխարհակարգ կառուցելու պրոցես և ամեն մեկը փորձում է մի բան պոկել, և Իրանը, և Թուրքիան, և Ադրբեջանը, մենք էլ պետք է փորձենք մի բան ստանալ, բայց ես նման բան հիմա չեմ տեսնում: Այն ինչ տեղի է ունենում այստեղ վերաբերում է նաև մեզ, մենք չենք բնակվում Լյուքսենբուրգում, պետք է կարողանանք այնպես հարմարվել, որ մեզ չվնասեն:

Մի պետություն, որը փորձում է մեզ ոչնչացնել, վատ հարաբերություններ ունի Իրանի հետ, որը մեզ համարում է բարեկամ և դաշնակից պետություն: Կարելի է ասել, որ հիմա Բաքուն Իրանում չունի դեսպանություն, եթե մենք չկարողացանք օգտնվել այս առիթից, մեզ համար մեծ ճախություն կլինի: Հետո էլի մեղադրելու ենք տարբեր պետությունների՝ Իրանին, ՌԴ-ին և այլն: Բազմաթիվ տարբերակներ կան ստեղծված իրավիճակից օգտվելու, պետությունում կան տարբեր կառույցներ, որոնք պետք է իմանային, թե ինչ անել այս իրավիճակում»,- եզրափակեց իրանագետը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ