ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը` Կովկասում կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ։
«Եվրամիության խորհուրդը (արտգործնախարարների մակարդակով) այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծման մասին, որի նպատակն է լինելու նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ»,- ասված է հայտարարությունում։
ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ առաքելության ստեղծումը «նոր փուլ է բացում Հարավային Կովկասում ԵՄ ջանքերում»։
«Առաքելության մանդատն է իրականացնել մշտական պարեկություն և (Բրյուսելին) զեկուցել իրավիճակի վերաբերյալ, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը: Առաքելությունը կնպաստի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի մոտ ապագայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը