17 01 2023

Երկիր Մեդիային եթերից զրկելով՝ զրկում են մարդկանց իրենց իրական կյանքի մասին տեղեկանալուց․ Ագնեսա Խամոյան



Ինչպես արդեն հայտնի է՝ առաջիկա օրերին մեր՝ հարկատուների հաշվին գործող հանրային հեռուստատեսային մուլտիպլեքսում դադարելու է 17 տարի գործած Երկիր Մեդիա հեռուստաընկերության հեռարձակումը։ Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Պատգամավորի ելույթը ներկայացնում ենք ամվողջությամբ:

«Այսինքն մեր այն տասնյակ հազարավոր հայրենակիցներ, հատկապես շրջաններում բնակվող, որոնք չունեն կաբելային ցանցեր, ու օգտվում են միայն հանրային հեռարձակումից, զրկվելու են Երկիր Մեդիայի հաղորդումները դիտելու հնարավորությունից։ Եվ սա տեղի է ունենում լրագրող, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Դրա պատճառը անցնող շաբաթներին Հեռուստատեսության հանձնաժողովում կայացված քվեարկությունն է, որտեղ ըստ էության որոշել են, որ ավելի լավ է մեր հանրությանը հրամցնեն գռեհկաբանությունը, սերիալային, իրական Հայաստանի հետ կապ չունեցող կյանքը, ապազգայինը, շոուն, քան թե հանրային, հասարակական, ազգային, պատմական հաղորդումները, ֆիլմերն ու լրատվությունը։

Այս դահլիճում անցնող մեկ ու կես տարվա ընթացքում Հեռուստատեսության հանձնաժողովի նոր անդամների ընտրությունների ժամանակ, նրանք հայտարարում էին, թե եթերը պետք է մաքրվի աղբից, գռեհկաբանությունից, անբարո բարքերից։ Օրինակ այդ մասին էր հայտարարում նաեւ գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։ Բայց իրեն բարձրաշխարհիկ մտավորական համարող նույն Հակոբ Մովսեսը նախընտրել է, օրինակ, Կիսաբաց լուսամուտների հաղորդումով եթերը, քան թե Հայրենի եզերքի մասին պատմող Երկիր Մեդիայի բազմաթիվ այլ ծրագրեր։

Իրականում Երկիր Մեդիային հանրային հեռարձակման եթերից զրկելով, մեր հայրենակիցներին զրկում են իրենց իրական կյանքը, ապրելակերպը տեսնելու հնարավորությունից։ Զրկում են քաղաքական, հասարակական քննարկումներ դիտելուց։

Հանձնաժողովում նշել են, թե Երկիր Մեդիան միակողմանի քաղաքական ուղղություն է բռնել։ Այն նույն Երկիր Մեդիան է, որ օրվա իշխանության ներկայացուցիչներին, երբ վերջիններս ընդդիմադիր էին, անդադար եթեր է տրամադրել։

Երկիր Մեդիան անցնող տարիներին եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ապահովողներից մեկը հայկական եթերում։ ՈՒ մեր խնդիրն ու պարտքն է, թույլ չտալ, որ մեր հայկական եթերը զրկվի նաեւ միջազգային մեծ շփումներ ունեցող, իր հեռուստատեսային դպրոցով բազմաթիվ մասնագետների անցկացրած հեռուստաընկերությունից»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ