16 01 2023

Ռուբեն Վարդանյանի քարոզչական թիմին օգնության հասավ Ալիևի կողմից իր չսիրված լինելու պնդումը․ պատմությունը կրկնվու՞մ է․ politik.am

Ռուբեն Վարդանյանի քարոզչական թիմին օգնության հասավ Ալիևի կողմից իր չսիրված լինելու պնդումը․ պատմությունը կրկնվու՞մ է․ politik.am

politik.am-ը գրում է․

Արցախում վերջին երեք օրերի ընթացքում սրվել էր ներքաղաքական իրավիճակը։ Սկզբում լուր հայտնվեց, թե պաշտոնանկ է արվելու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հետո խոսակցություն գնաց Արցախում հնարավոր նոր ընտրությունների մասին։ 

Արցախում տեղի ունեցող այս գործընթացը երկկողմանի զազրելի է, քանի որ երկու կողմից էլ գործի են դրվում քարոզչական անթույլատրելի գործիչքներ, որոնք ավելի են պառակտում առանց այն էլ պառակտված հանրությանը։

Մինչ այս Ռուբեն Վարդանյանի ընդդիմախոսները պնդում էին, որ նա չերևացող թելերով կապված է Ադրբեջանի հետ, որ նա անգլիական գործակալ է ու եկել է Արցախը վերջնականապես հանձնելու գործը գլուխ բերել։ Այս պնդումները բավական էֆեկտիվ աշխատեցին։

Քանի որ Ադրբեջանական գործոնը բավական էֆեկտիվ ազդում է հայ հանրության մոտեցումների վրա, ուստի այս օրերի առաջացած ճգնաժամի ընթացքում նույն գործոնը փորձեց աշխատեցնել Ռուբեն Վարդանյանի քարոզչական թիմը։ Վարդանյանին մոտ կանգնած լրատվամիջոցները գրեցին, թե Ռուբեն Վարդանյանի հեռացումը Ադրբեջանցիների պահանջն է և որ նույն ադրբեջանցիները պահանջել են, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվի Արցախի ոստիկանապետ Կարեն Սարգսյանը։

Այս թեզի տարածումը չտենսված արդյունք ունեցավ։ Լուրի տարածումից հետո Ռուբեն Վարդանյանի հեռացմանը դեմ էին անգամ նրան մինչ այս դեմ հանդես եկողները։ Բոլորը միաբերան պնդում էին, որ չի կարելի կատարել Արդբեջանի պահանջը ու կարևոր չէ, թե որքան լավը կամ վատն է Ռուբեն Վարդանյանը կարևորը, որ նա մնա իր պաշտոնին ի դեմ ադրբեջանցիների կամքի։

Հանրային արձագանքն այնքան ուժեղ էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արդեն ստորագրած հրամանագրից հետ կանգնեց և Ռուբեն Վարդանյանը մնաց իր պաշտոնում։

Քարոզչական այս գործիքը իրականում անմրցելի է դարձնում Ռուբեն Վարդանյանին։ Փաստորեն անգամ նրա խիստ անընդունելի որոշումների, գործողությունների և քայլերի դեմ դուրս եկող հանրությանը ամեն անգամ դեմ են տալու պատին ու ցանկացած առողջ քննադատություն ճնշելու են Ադրբեջանի ցանկությունը չկատարելու անվան տակ։ Այս մոտեցումն անթույլատրելի է։ Արցախը պետություն է ու ցանակցած ժամանակ կարող է այս կամ այն պաշտոնյան ազատվել կամ նշանակվել։ 

Ադրբեջանի համար այս գործընթացը ևս լավ խաղալու դաշտ է բացում։ Վերլուծելով հայ հանրության վարքագիծը, նրանք ցանկացած պահի երբ կարող է վտանգվել Փաշինյանի աթոռը, կարող են հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը իրենց համար անցանկալի է Հայաստանի վարչապետի պաշտոնում ու հանրությունը միանգամից կդադարի դուրս գալ փողոց, քանի որ կհամարեն, որ այդ կերպ Ադրբեջանի կամքն են կատարում։ 

Հիշեցնենք, որ նման փորձ թուրքական կողմն արդեն ունեցել է և այն ժամանակ էլ բավական հաջող կիրառվեց։ Պատերազմի առաջին շաբաթում Էրդողանը հայտարարեց, թե Հայ ժողովուրդը պետք է տապալի Փաշինյանի կառավարությանը։ Այս հայտարարությունից հետո շատ ընդդիմադիրներ անգամ իրենց աջակցությունը հայտնեցին Փաշինյանին։Իսկ թե ինչ եղավ վերջում կարծում ենք բոլորիդ համար ակնհայտ է։

Հիմա էլ կարևոր է, որ Ռուբեն Վարդանյան քաղաքական գործիչը քննադատվի կամ գովաբանվի, ոչ թե այն պատճառով, թե իր մասին ինչ են մտածում թուրքերը, այլ այն պատճառով, թե ինչ է ինքն իրականում անում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ