11 01 2023

Օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգակործան հերթական քայլը․ ՀՅԴ ԳՄ

Օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգակործան հերթական քայլը․ ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել այսօր մի շարք ՀՅԴ-ականների բնակարանում իրականացված խուզարկությունների, նրանց հարցաքննությունների մասին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Հայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրավապահ համակարգը կրկին թիրախավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

Ընդամենն ամիսներ առաջ կուսակցության գրասենյակներում և կուսակցության անդամների բնակարաններում իրականացված տասնյակ խուզարկություններին, ձերբակալումներին և կալանավորումներին, այսօր ավելացան նորերը: Այսօր ձերբակալվել են կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը, ապօրինի հարցաքննության է ենթարկվել կուսակցության գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ինչպես նաև ընդամենը մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանը:

Այս ընկերների բնակարաններում իրականացվել են նաև խուզարկություններ: Դատախազության կողմից կրկին ասպարեզ է նետվել Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդման մասին տեղեկատվությունը:

Արձանագրելով Դաշնակցության և նրա համակիրների նկատմամբ օրվա իշխանության իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրությունն ենք հրավիրում հանգամանքի վրա, որ օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը:

133 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ