Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է:
Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն, մերօրյա աշխարհում մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները:
Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը»,- գրել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը