06 01 2023

Արցախի բլոկադան Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից չի տարբերվում, բայց միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ․ Սարգսյան

Արցախի բլոկադան Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից չի տարբերվում, բայց միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ․ Սարգսյան

Միջազգային հանրությունը, որն ավանդապես ընկալվել է որպես արևմտյան հանրություն կամ առաջադեմ աշխարհ, ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով գլոբալ աշխարհակարգի քայքայմանն ու մեր տարածաշրջանում դրա դրսեւորումներին։

«Գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը սաղմնային փուլում է, սակայն դեռ չի շտապում ծնվել: Այսինք՝ աշխարհակարգը դե ֆակտո փոխվել է, սակայն դե յուրե դեռևս գոյություն ունի երկրորդ աշխարհամարտի և ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեզծված իրավակարգը: Միջազգային իրավունքի այնպիսի հիմնասյուներ ինչպիսիք են ՄԱԿ կանոնադրությունը, միջազգային դատարանը, հելսինկյան եզրափակիչ ակտը, ԵԱՀԿ-ն և այլն, սկսել են բխել միջազգային քաղաքականությունից, այլ ոչ թե դրա հիմքերն են:

Այս տրանֆորմացիաների արդյունքում միջազգային գլոբալ ինստիտուտները՝ ինչպիսիք են ՄԱԿ-ը, առևտրի և առողջապահության համաշխարհային կազմակերպությունները, հայտնվել են ճգնաժամի մեջ: Ընդարմացման մեջ (ступор) են հայտնվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ֆորմալ և ոչ ֆորմալ տասնյակ դաշինքները:

Գործող աշխարհակարգը (World Order) վերածվել է համաշխարհային անկարգության (World Disorder): Այս ամենի պատճառներն են դե ֆակտո ձևավորված բազմաբևեռ աշխարհը, որն արդեն հանգեցրել է համաշխարհային «կապիտալի» փաստացի բաշխման: Գլոբալ խաղացողների գործողությունները Ուկրաինայում, մինչ այդ էլ  Աֆղանստանում, Սիրիայում և այլուր՝ ըստ էության երրորդ աշխարհամարտ են նշանակում, սակայն սա ժամանակակից աշխարհին բնորոշ՝ նոր տեսակի աշխարհամարտ է իր այնպիսի նորագույն դրսևորումներով, ինչպիսիք են պրոքսի և հիբրիդային պատերազմները, տնտեսական պատժամիջոցները, կիբեր, տեխնոլոգիական  և տնտեսական պատերազմները և այլն: Գլոբալ գերտերությունների գործողությունների արդյունքում ակտիվանում են նաև գերտերություները և տարածաշրջանային գերտերությունները՝ ինչպիսիք են Թուրքիան, Հնդկաստանը, Պակիստանը և այլն:

Այս ամենի արդյունքում միջազգային հանրությունը (որը ավանդապես ընկալվել է որպես արևմտյան հանրություն կամ առաջադեմ աշխարհ) ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից: Սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Ինչու՞ եմ հեռու գնում, լոկալ հանրությանն էլ առանձնապես հետաքրքիր չէ...

«Բարի» գալուստ 2023 թվական»,- գրել է Սարգսյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ