Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, բարեկամական խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքի փակման և Արցախում բնակվող 120 հազար շրջափակված քաղաքացիների անվտանգության, սննդի և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակման առնչությամբ:
«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ բացել ճանապարհը և թույլատրել միջանցքով ազատ տեղաշարժը` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների: Լաչինի միջանցքի շրջափակումը ոչ միայն սահմանափակում է Արցախի բնակչության ազատ տեղաշարժի իրավունքը, այլ նաև վտանգում սննդի մատակարարումը: Այս ամենը կարող է հանգեցնել հումանիտար լուրջ ճգնաժամի»,-ասվում է հայտարարությունում:
Բարեկամական խմբի անդամները նաև խաղաղ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ են համարել կողմերի միջև անհապաղ երկխոսության վերականգնումը և կոնսենսուսի միջոցով տարաձայնությունների հարթումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը